Հրապարակվել է IMPAC Դուբլինի միջազգային գրական մրցանակի կարճ ցուցակը

IMPAC Դուբլինի միջազգային հեղինակավոր գրական մրցանակը հրապարակել է իր կարճ ցուցակը: Հավակնորդների թվում են IMPAC-ի նախորդ տարիների դափնեկիրներ Միշել Ուելբեքը (Ֆրանսիա) և Էնդրյու Միլերը (Մեծ Բրիտանիա):

Տասը լավագույն հեղինակների ցանկում են նաև Հարուկի Մուրակամին (Ճապոնիա), Քևին Բարին (Իռլանդիա), Սյոնը (Իսլանդիա), Քյերսթի Սքոմսվոլդը (Նորվեգիա), Թոմի Վիերինգան (Դանիա), Ջուլի Օցուկան (ԱՄՆ), Արթուր Ֆիլիպսը (ԱՄՆ), Կարեն Ռասելը (ԱՄՆ):

Ցանկից դուրս են մնացել երկար ցուցակում ընդգրկված Ումբերտո Էկոն, Ջուլիան Բարնսը, Սթիվեն Քինգը:

«Մրցանակը հիմնելու պահից առաջին անգամ է, որ կարճ ցուցակում ընդգրկված են այսքան մեծ թվով թարգմանված ստեղծագործություններ», – ասել է դուբլինցի գրադարանավարուհի Մարգարեթ Հեյեսը: – Հրաշալի է, որ ունենք վեպեր Ճապոնիայից, Իսլանդիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից ու Նորվեգիայից: Ցանկում կան նաև աշխատանքներ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Իռլանդիայից: Այստեղ յուրաքանչյուր ոք իր համար մի բան կգտնի: Կոչ եմ անում ընթերցողներին նստել և վայելել այս տարվա վեպերի հումորը, թախիծը, պատմությունը և ֆանտազիան, պատանեկան և չափահաս բարկությունը»:

100 հազ. եվրո կազմող մրցանակը 1996թ. Դուբլինում հիմնել են IMPAC ներդրումային ընկերությունն ու Դուբլինի քաղաքային խորհուրդը: IMPAC-ը ոչ միայն աշխարհի դրամական խոշորագույն մրցանակն է, այլև ամենաժողովրդավարականը, քանի որ դրան կարող է հավակնել ցանկացած երկրի ցանկացած ազգության գրող: Միակ սահմանափակումը գրքի անգլերեն հրատարակված լինելն է: Եթե գիրքն ի սկզբանե այլ լեզվով է լույս տեսել, ապա մրցանակի 25%-ը ստանում է թարգմանիչը:

Արտասովոր է նաև հավակնորդների ընտրության մեխանիզմը: Գրքերն առաջադրվում են աշխարհի հանրային գրադարանների կողմից՝ ընթերցողների քվեարկության հիման վրա: Մրցանակի միջազգային ժյուրին ընդհանուր թվից ընտրում է ամենաարժանիների կարճ ցուցակը, որից միայն մեկն է դառնում հաղթող:

2013թ. IMPAC-ի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 6-ին:

Մեկնաբանել