Սենատոր Ջոն Մակ-Քեյնը չհայտարարված այց է կատարել Սիրիա

Ամերիկացի հանրապետական սենատոր և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մակ-Քեյնը մայիսի 27-ին չհայտարարված այց է կատարել Սիրիա և հանդիպել է սիրիացի ապստամբների հրամանատարությանը, հաղորդում է Reuters-ը:

Մակ-Քեյնի մամլո ծառայությունը հրաժարվել է ներկայացնել նրա` Սիրիա կատարած այցի որևէ մանրամասնություն: Միաժամանակ ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի շտաբի հրամանատար գեներալ Սալիմ Իդրիսը ամերիկյան Daily Beast պարբերականին հայտարարել է, որ սենատորին խնդրել է ապստամբներին ապահովել զենքով, այդ թվում` հակատանկային և զենիթային հրթիռներով, և Սիրիայի նկատմամբ սահմանել ոչ թռիչքային գոտի:

Բացի այդ` ապստամբները հույս ունեն, որ ԱՄՆ-ը անմիջական օգնություն կցուցաբերի ռազմական գործողություններում, մասնավորապես` ավիահարվածներ կհասցնի կառավարական զորքերի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման դիրքերին:

Իդրիսը Սիրիայում ինտերվենցիայի կողմնակից Մակ-Քեյնի այցն անվանել է շատ կարևոր և պատեհաժամ: «Այժմ մենք խիստ դժվարին կացության մեջ ենք: Պատերազմի ընթացքը փոխելու համար մեզ պետք կգա ամերիկացիների օգնությունը»,- ասել է նա:

Մակ-Քեյնը նախկինում արդեն հանդիպել էր Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչներին, սակայն այդ հանդիպումները տեղի էին ունեցել Թուրքիայի տարածքում: Այդ ժամանակ ևս ապստամբները դժգոհել էին զինամթերքի պակասից և կառավարական ավիացիայի դեմ արդյունավետ պայաքարելու ունակ զենիթային զենքի բացակայությունից:

Հիշեցնենք, որ Սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 80 հազ․ մարդ։

Մեկնաբանել