Քեթրին Էշթոնը ևս ողջունել է Սարգսյան-Ալիև հանդիպումը

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը: Այս մասին ասված է Քեթրին Էշթոնի խոսնակի տարածած հայտարարությունում, ըստ որի` «ԵՄ-ն բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված բարձր մակարդակի հանդիպումների վերսկսմանը»:

«Ոգևորիչ է նախագահների համաձայնությունը առաջ մղել բանակցությունները և հանդիպել առաջիկա ամիսներին: ԵՄ-ն պատրաստ է մասնակցել վերսկսված ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը և հետագայում աջակցել խաղաղության հաստատման ջանքերին` սատարելով և ամբողջությամբ փոխլրացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին նոյեմբերի 19-ին, իր հերթին, հանդես եկել էր եկել հայտարարությամբ, որում ողջունել էր Վիեննայում նախագահների հանդիպումը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր. «Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»:

Մեկնաբանել