Եվրո 2016. Իտալիան դժվարությամբ հաղթեց Ադրբեջանին, այլ արդյունքներ

Երեկ կայացան Եվրո 2016-ի ընտրական փուլի 2-րդ տուրի հերթական հանդիպումները: A խմբում Իսլանդիան հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց Լատվիայի դարպաս, Հոլանդիան սեփական հարկի տակ մինչև 62-րդ րոպեն պարտվում էր Ղազախստանին, բայց վերջին 30 րոպեներին 3 գոլ խփեց և կամային հաղթանակ տարավ` 3:1: Չեխիան էլ իր հերթին կամային հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ` 2:1: Իսլանդիան ու Չեխիան վաստակած 6-ական միավորով գլխավորում են A խումբը, Հոլանդիան 3 միավոր ունի, Ղազախստանն ու Լատվիան` մեկական, իսկ Թուրքիան դեռ միավոր չի վաստակել:

B խմբում Բելգիան 6:0 հաշվով ջախջախեց Անդորրային, Իսրայելը 2:1 հաշվով առավելության հասավ Կիպրոսի նկատմամբ, իսկ Ուելսն ու Բոսնիան գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Ուելսը 4 միավորով առաջին տեղում է, Բելգիան, Իսրայելն ու Կիպրոսը 3-ական միավոր ունեն, Բոսնիան` 1, Անդորրան` 0, սակայն Բելգիան ու Իսրայելը մեկական հանդիպում պակաս են խաղացել:

H խմբում Իտալիան սեփական հարկի տակ դժվարությամբ հաղթեց Ադրբեջանին` 2:1, Խորվաթիան նվազագույն հաշվով առավելության հասավ Բուլղարիայի նկատմամբ, իսկ Նորվեգիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մալթայի դարպասը: Երկրորդ տուրից հետո Իտալիան ու Խորվաթիան 6-ական միավորով գլխավորում են H խումբը, Բուլղարիան ու Նորվեգիան 3-ական միավոր ունեն, Ադրբեջանն ու Մալթան միավոր չունեն:

Մեկնաբանել