Ազգային ժողովը մարտի 3-ին 68 կողմ, 11 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 20տոկոսից նվազեցվում է 2 տոկոսի։
Մինչ քվեարկությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ կառավարության ներկայացրած նախագիծը արտաքին առևտրի մենաշնորհացման նախագիծ է, և կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ։
«Օրինած երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես ասաց, որ իրենց խմբակցությունը վտանգներ և մենաշնորհացման միտումներ է տեսնում նախագծում։ Բիշարյանը նշեց նաև, որ իրենք անգամ չգիտեն՝ ինչ են քվեարկում, քանի որ նախորդ քառօրյայի ժամանակ քննարկման էր դրված երեք նախագիծ, և «այս պահին իրենք չգիտեն քվեարկում են միավորված նախագծերը, թե այլ բան»։ Բիշարյանը նույնպես կոչ արեց դեմ քվեարկել։
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ եթե նվազեցվում է շահութահարկը, ապա այն պետք է համընդհանուր լինի՝ բոլորի համար, իսկ այս պարագայում ներքին շուկայում լրջագույն խնդիիրներ կառաջանան։
Քվեարկությունից հետո ԱԺ-ն անցավ «Շրջանառության հարկի» մասին օրենքի քննարկմանը։ Պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դրական գնահատելով օրենքում կառավարության փոփոխությունը, ասաց, որ իշխանությունները շահութահարկի մասին օրենքի փոփոխության ընդունմամբ կառավարության՝շրջանառության մասին հարկի այս «գովելի» քայլից հետընթաց արձանագրեցին։