Ղարաբաղի օմբուդսմենը դրական տեղաշարժ է տեսնում սահմանադրական փոփոխություններում

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը սահմանադրական փոփոխություններում դրական տեղաշարժ է տեսնում մարդու իրավունքների տեսանկյունից։

Լեռնային Ղարաբաղում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հարցը ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը դիտարկում է բացառապես մարդու իրավունքների տեսանկյունից։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ նոր Սահամանադրության նախագծում նա այս ոլորտում դրական տեղաշարժ է նկատում.

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նոր երաշխիքներ են սահմանված։ Օրինակ՝ կարեւոր եմ համարում անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող դրույթը։ Ամենակարևորներից է այն, որ առանձնացվել են դասական իրավունքներն ու սոցիալ-տնտեսական իրավունքները»։

ԼՂՀ Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է փոխել կառավարման համակարգը՝ կիսանախագահականից անցում կատարելով նախագահական համակարգի։ Տարբեր գործիչներ ու քաղաքագետներ վտանգավոր են համարում ԼՂՀ սահմանադրության փոփոխումը ժողովրդավարության տեսանկյունից։

ԼՂՀ օմբուդսմենը սա համարում է քաղաքական հարց. «Այնուհանդերձ նշեմ, որ փոփոխությունը սկզբունքային չէ այն առումով, որ մենք կիսանախագահականից անցում ենք կատարում նախագահական մոդելի։ Այս առումով պետական կարգի փոփոխությունը ամենասկզբունքայինը չէ»։

ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններն արվում են Բակո Սահակյանի իշխանությունը երկարաձգելու նպատակով։ Մելիքյանն ասաց, որ այս հարցի շուրջ ցանկացած մեկնաբանություն իր կողմից համարում է սխալ ու իր կարգավիճակից չբխող։

Նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում ներկայացված նոր սահմանադրության նախագծի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը կիսանախագահական կառավարման ձևից անցում կկատարի նախագահական ավելի ուժեղ կառավարման։ Վարչապետի պաշտոնը կվերացվի, նախագահն ավելի շատ լիազորություններ կստանա։ Սահմանադրության նախագծով նախատեսվում է երեք տարվա անցումային ժամանակաշրջան մինչև ներկայիս Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը։ Անցումային շրջանի համար նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից: Դրանից հետո ներկայում գործող նախագահի համար սահմանադրական արգելք չի լինի, որպեսզի նա ևս երկու անգամ կարողանա ընտրվել և տեսականորեն իշխել մինչև 2030-ը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել