Հաց բերողի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստորագրահավաքն ընդլայնվում է

Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստորագրահավաք է սկսվել հայտնի մարդկանց շրջանում․ նախաձեռնությունը «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանինն է։

«Այս պահի դրությամբ ստորագրողների թիվը 20-ն է։ Սակայն հաշվի առնելով ստորագրած անձանց ով լինելը՝ անգամ մեկ ստորագրությունն էլ բավարար է դրա կշիռը հասկանալու համար»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ստորագրողների ցանկում են Հրանտ Թոխատյանը, Հայկ Մարությանը, Արտավազդ Եղոյանը և այլք։

Սիմոնյանը նշեց, որ ստորագրված երաշխավորությունը դատախազություն կհանձնեն վաղը՝ մարտի 1-ի երեկոյան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հաց բերողի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ստորագրահավաք էր նախաձեռնել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը․ երաշխավորության տակ ստորագրել է 26 պատգամավոր։ Մարուքյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ երաշխավորությունն արդեն ուղարկվել է գլխավոր դատախազություն։ Ստորագրած պատգամավորներն են՝ Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լևոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյա և Արայիկ Աղաբաբյան:

Մարուքյանը նաև նշեց, որ երեկ՝ փետրվարի 27-ին, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ այցելել են Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, որտեղ գտնվում է Արթուր Սարգսյանը։ Վերջինիս չեն հանիդպել, քանի որ քննիչի կողմից արգելք կա դրված։

«Ուղղակի ծանոթացանք պահման պայմաններին, խոսեցինք բժիշկի հետ»,- նշեց Մարուքյանը։

Արթուր Սարգսյանը, որը մեղադրվում է 2016թ․ հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված Սասնա ծռեր խմբավորմանը օժանդակելու մեջ, կալանավորել էր օգոստոսի 2-ին։ Այնուհետև պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխվել էր և ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին: Սակայն Սարգսյանին կրկին կալանավորել էին փետրվարի 9-ին։ Նա հաջորդ օրը հացադուլ էր հայտարարել, որը շարունակվում է մինչև այսօր։

Մեկնաբանել