Վրիպած եպիսկոպոսը

Շիրակի թեմի առաջնորդը փորձել է արգելել հոգեհանգստի արարողության համար զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի: Պաշտոնական պատճառաբանությունն է՝ մկրտված չէ: Հետո, իհարկե, պարզել են, որ մկրտված է: Չնայած դրան, թեմի առաջնորդը, ըստ Գալա TV-ի, պնդել է իր մերժումը:

Ըստ իս՝ ճիշտ է արել: Իրենց եկեղեցին է, Քրիստոսինը չէ: Կուզեն կթողնեն, կուզեն կմերժեն: Ճիշտ է արել, որովհետև հո Քրիստոսի անունի՞ց չի մերժել: Մերժել է համարյա այնպես, ինչպես ժամանակին քաղաքապետարանն էր մերժում ընդդիմության հանրահավաքներն Ազատության հրապարակում: Ես չգիտեմ բանական ուրիշ ի՞նչ պատճառ ուներ թեմի առաջնորդն այդպես վարվելու: Ենթադրենք, հանգուցյալը մահմեդական էր կամ աթեիստ: Եկեղեցին նրա կրոնական համոզմունքի՞ց է սկսվում: Եկեղեցին պետք է սկսվի անկախ նրանից, թե ով է մարդը: Թող նույնիսկ սատանիստ լինի: Որովհետև էդ մարդը, երբ մի շարք արժեքներ է կորցնում, երբեմն նայում է եկեղեցու կողմը: Կան այդպիսի մարդիկ: Այս դեպքում զոհի հարազատները նայել են եկեղեցու կողմը:

Պետք է պատկերացնել, թե ինչպես է եպիսկոպոսը մերժում հանգուցյալի հարազատների խնդրանքը: Պետք է պատկերացնել դեմքի այդ արտահայտությունը՝ մի կողմից ինքն է, մյուս կողմից հանգուցյալը, որը որևէ փաստարկ չունի իր օգտին ձայն հանելու: Իսկ հետո՞:

Ես նույնիսկ կողջունեի Միքայել եպիսկոպոս Աջապահյանի արարքը, եթե եկեղեցին բանակից հեռու լիներ, եթե նա չօրհներ զենքը, որով կրակում են: Նման պարագայում- ներողություն եմ խնդրում,- զինվորը եթե Ազգային հերոս էլ լիներ, ես եկեղեցու կողքին կլինեի, եթե մերժեր մեր բոլորի հպարտության դին դրվեր եկեղեցում: Որովհետև եկեղեցին պիտի որ մերժի զենքը որ ուղղությամբ էլ որ այն կրակի, պիտի որ մերժի սպանությունը, անկախ նրանից, թե ով է զոհը: Իսկ եթե չի մերժում, ինքը պետք է խաղա թափվող արյան մեջ լինողի կանխավարկածով: Եկեղեցին հոգևորականներով է խցկվել մեր բանակի մեջ։ Եվ, ուրեմն, փայատեր է բանակի նիստուկացի, զոհերի կամ նվաճումների մասով: Ինչու՞ պետք է հեռու մնա հանգուցյալների մասով իր փայատիրությունից, ինչ է թե զոհը մկրտված չէ: Այդպես չի լինում: Ես եպիսկոպոսի կողքին կլինեի նույնիսկ էն դեպքում, եթե Քրիստոսը երբևէ գոյություն ունեցած չլիներ: Բայց եկեղեցին կա հանուն Քրիստոսի:

Ի՞նչ է նշանակում՝ մկրտված չէ: Մկրտված լինել, նշանակում է մերձ լինել Քրիստոսի՞ն, թե՞ եկեղեցուն: Ըստ իս՝ Քրիստոսին: Ենթադրենք, թե մկրտված չէ: Եվ այդ երիտասարդը, որն ըստ երևույթին երբեք չի մտածել Աստծո մասին, որը գրեթե գաղափար չի ունեցել, թե ով էր Հիսուս Քրիստոսը, համենայնդեպս չի սպանվել ընդդեմ նրա որևէ արարք կատարելիս: Եկեղեցին պետք է մտածի այս մասին: Եկեղեցին պետք է իր դռները բացի բոլոր հանգուցյալների առաջ, եթե պետության հետ քաղաքակրթական կուրս է վերցրել հանգուցյալների մարմինները բնակարաններից դուրս բերելու և հատուկ սգարաններում կամ եկեղեցիներում դնելու մասով:

Ոչ մի հանգուցյալ պարտավոր չէ կանխատեսել, թե հատկապես երբ կմահանա, որպեսզի մտածի մկրտված լինելու մասին: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ Քրիստոսի ծառան, տարբեր տեղեկություններով՝ մեր եկեղեցու լավագույն հոգևորականներից մեկը, կարգին վրիպել է իր արարքով: Երիտասարդի դին պետք է դրվեր եկեղեցում նույնիսկ եթե ինքը իր մատղաշ կյանքը ծառայեցրել է ընդդեմ եկեղեցու: Որովհետև ինչի՞ վրա է կանգնած եկեղեցին՝ Քրիստոսի, որն ասում էր՝ մի անգամ արված սխալի համար ներիր յոթ անգամ: Եպիսկոպոսը ձեռքից բաց է թողել ներելու մի առիթ, որի հիմքում մեղք և նույնիսկ սխալ չկա:

Երևի այսքանը:

Մեկնաբանել