Հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին․ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նախնական վարկածով կատարվածը ինքնասպանություն է։ Հանգամանքները պարզվում են։
Հայկ Հարությունյանը ՀՀ Ոստիկանության պետ է եղել 2003-2008 թվականներին։ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը դեպքի առթիվ գրառում է արել Ֆեյսբուքում․ «ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:
Սաթեն Հակոբյան