Կանադան հեռացավ Կիոտոյից

Նախարարը որոշումը պայմանավորել է նրանով, որ այս փաստաթուղթը չի համապատասխանում Կանադայի շահերին։ Միաժամանակ՝ Կենտը հավաստիացրել է, որ երկիրը պատրաստ է վճարել տուգանքները, որը նախատեսում է համաձայնագիրը՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու դիմաց։ Ըստ նախարարի՝ եթե Օտտավան շարունակեր հավատարիմ մնալ համաձայնագրին, հարկադրված կլիներ պետական բյուջեից տարեկան $13,6 մլրդ հատկացնել, ինչը կանադական յուրաքանչյուր ընտանիքի հաշվով միջինը $1600 է։

Հատկանշական է, որ Կանադայի այս հայտարարությունը հետևել է Դուրբանում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների գագաթաժողովին, որտեղ որոշվել է համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչ 2015թ.։ Համաժողովին մասնակցել է 200 պետություն։

Ավելի վաղ Կանադան, Ռուսաստանը և Ճապոնիան հայտարարել էին, որ մտադիր չեն ստորագրել փաստաթղթի նոր տարբերակի տակ, սակայն Կանադան առաջին պետությունն է, որը պաշտոնապես հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին։

Կանադան Կիոտոյի համաձայնագիրը վավերացրել է 1997թ., ինչը, ըստ Կենտի, այդ տարիներին իշխող լիբերալների կառավարության մեծագույն սխալներից է։ Նախարարը չի բացառել, որ առաջիկայում համաձայնագրից այլ պետությունները ևս դուրս կգան։ Մյուս կողմից՝ նա հույս է հայտնել, որ միջազգային նոր համաձայնագիրը հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքար մղել գլոբալ տաքացման դեմ, ստեղծել նոր աշխատատեղեր և խթանել տնտեսական աճը։

Նշենք, որ 1997թ. ստորագրված Կիոտոյի համաձայնագիրը շրջակա միջավայրի պաշտպանության առաջին միջազգային փաստաթուղթն է։ Նրա հիմքում դրվել է ջերմոցային գազերի արտանետումների նկատմամբ քվոտաների սահմանման շուկայական սկզբունքը։ Բացի այդ՝ այն ստորագրած պետությունները պարտավորվել են ջանքեր գործադրել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների ծավալը կայունացնելու ուղղությամբ։

Հատկանշական է, որ արագ զարգացող մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստանն ու Հնդկաստանը, որոնց բաժին է ընկնում արտանետումների մեծ մասը, այդպես էլ չեն ստորագրել համաձայնագիրը։ ԱՄՆ-ը թեև ստորագրել է փաստաթուղթը, սակայն այդպես էլ չի վավերացրել այն։ 

Մեկնաբանել