Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց, Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:
Վերադարձած գերիների մասին ավելի ուշ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Այսօր ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել…
Posted by Tigran Avinyan / Տիգրան Ավինյան on Monday, December 14, 2020
Ըստ Սպուտնիկ Արմենիա գործակալության՝ գերիներին բերել է ռուսական օդանավը, որը վայրէջք է կատարել Երևանի Էրեբունի օդանավակայանում։
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը ինքը և փաստաբան Սիրանուշ Սահակյանը ևս հանձնառել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,- գրել է նա:
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք…
Posted by Artak Zeynalyan on Monday, December 14, 2020
Այսօր ավելի վաղ Բաքու են վերադարձվել 2014-ին Արցախում դատապարտված դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիրհամ Ասքերովը։