Փաշինյանի և Ալիևի հանդիպումը նախատեսված է այսօր. «Ազատություն»

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն այսօր կնստեն բանակցություններրի սեղանի շուրջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ։ «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավարն նախ առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ երեկոյան նախատեսված է նրանց եռակողմ հանդիպումը։

Ըստ կայքի աղբյուրների՝ ակնկալվում է, որ եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվելու։

«Մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի նրանց միջև բարձրացնենք վստահության մակարդակը՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատված ուղիղ շփման վրա, որը ստեղծվել է մի քանի շաբաթ առաջ»,- ասել է եվրոպացի դիվանագետը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 19֊ին Շառլ Միշելը իր թվիթերյան էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ իր հեռախոսազրույցներից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 15֊ին Բրյուսելում հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

Մեկնաբանել