Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի հողերում պղինձն ու մկնդեղը վտանգում են մարդկանց կյանքը

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 11 բնակավայրերի և Ստեփանավանի Արմանիս արվարձանում անցկացված հետազոտությունները մտահոգիչ փաստեր են ի հայտ բերել։ Հողի բոլոր փորձանմուշներում հայտնաբերվել են պղինձ, ցինկ, կապար, իսկ 70 տոկոս կոնցենտրացիաները պարունակել են ծանր մետաղներ: Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների առողջության համար: Վերցված նմուշների 95-96 տոկոսի մեջ հայտնաբերվել է պղինձ և մկնդեղ:

Չեխական «Առնիկա» կազմակերպությունը, Ալավերդիում գրանցված «Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ները 2018-2021թթ․ հետազոտել են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 11 բնակավայրերի և Ստեփանավանի Արմանիս արվարձանի շրջակա միջավայրում և մարդու օրգանիզմում ծանր մետաղների և կայուն օրգանական աղտոտիչների առկայությունը: Այդ նպատակով նմուշարկվել և փորձաքննության են ենթարկվել բնակավայրերի հողը, գետի նստվածքը, կենցաղային փոշին, սննդամթերքը, մասնավորապես, տեղական պանիրը, ձուն, մշակաբույսերը, մարդու մեզն ու եղունգները։

Հետազոտության նպատակն էր կազմել Թումանյանի տարածաշրջանի պոտենցիալ աղտոտիչ կետերի շրջակայքում ծանր մետաղների տարածվածության քարտեզը: Ծրագրի շահառուներ են դարձել Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Օձուն, Մղարթ, Շնող, Թեղուտ, Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում, Հաղպատ բնակվայրերը: Հողի 36 նմուշների փորձաքննությամբ պարզվել է, որ բնակավայրերը՝ որքան հեռանում են աղտոտման աղբյուրից, այնքան հողում ծանր մետաղների պարունակությունը նվազում է:

Սանահին կայարանային թաղամասի և Օձուն գյուղի հողի նմուշներում ավելի քիչ ծանր մետաղներ են հայտնաբերվել, քան Ալավերդու կենտրոնում: Հետազոտությունները հաստատել են, որ ծանր մետաղները շրջակա միջավայրում տարածվում են քամու ուժգնության ուղղությամբ:

Ծրագրի հեղինակ Վալերիա Գրեչկոյի խոսքով՝ հողի բոլոր փորձանմուշներում հայտնաբերվել են պղինձ, ցինկ, կապար, իսկ 70 տոկոս կոնցենտրացիաները պարունակում են ծանր մետաղներ: Վերջինները վտանգավոր են հատկապես երեխաների առողջության համար: 95-96 տոկոս նմուշներում հայտնաբերվել են պղինձ և մկնդեղ:

Պարզվել է, որ մկնդեղի պարունակությունը Թումանյանի տարածաշրջանի էկոլոգիական թեժ կետերի հողերում այն քանակությամբ է, որ կարող է ապագայում 67 տոկոս բացասական ազդեցություն ունենալ երեխաների և 30 տոկոս՝ մեծահասակների առողջության վրա:

Մկնդեղի պարունակությունը Թումանյանի տարածաշրջանի էկոլոգիական թեժ կետերի հողերում այն քանակությամբ է, որ կարող է ապագայում 67 տոկոս բացասական ազդեցություն ունենալ երեխաների և 30 տոկոս՝ մեծահասակների առողջության վրա:

Ալավերդու երկու և Ճոճկանի մեկ փորձանմուշներում հայտնաբերվել է մկնդեղի անթույլատրելի մակարդակ, որի դեպքում պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Ալավերդու կենտրոնով հոսող Դեբեդ գետի հատվածում և գետի հունից ներքև արձանագրվել է ծանր մետաղների ավելի բարձր կենտրոնացում:

Վալերիա Գրեչկոն հայտնեց նաև Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի մկնդեղի պահեստարանի (գերեզմանոց) հոսքերի մասին:

Պահեստարանը կառուցվել է 1980թ․: Ալավերդիում գրանցված «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետազոտության ընթացքում բացահայտվել է, որ գերեզմանոցի ջրերի հոսքերում և հողում մկնդեղի բաղադրությունը գերազանցում է՝ հողում՝ 14,97, ջրերում՝ 12,97 անգամ: Գրեչկոյի խոսքով՝ եթե գյուղացիներն իրենց դաշտերն ու այգիները ոռոգում են Դեբեդի այդ ջրով, այդ մթերքներով սնվող մարդկանց մոտ կմեծանա քաղցկեղի ռիսկը:

Մեծահասակների համեմատ՝ բարձր տոկոսով մկնդեղ է հայտնաբերվել երեխաների մեզի մեջ: Փորձաքննություններով պարզվել է, որ Թումանյանի տարածաշրջանի թեժ կետերի տարածքում մկնդեղը ամենախնդրհարույց ծանր մետաղն է:

Փորձաքննության արդյունքներով ենթադրվել է, որ Ալավերդիում, Ախթալայում, Թեղուտում և Մղարթում տեղակայված լեռնահանքային և հանքարդյունաբերական օբյեկտները շրջակա միջավայրի աղտոտման աղբյուրներ են և ազդում են բնակչության առողջության վրա:

Կառավարության 2005-ի որոշմամբ պղնձաձուլական գործարանին 2005-2018թթ․ թույլատրվել է տարեկան 5 600 տոննայի փոխարեն ունենալ 38 000 տոննա արտանետումներ: Դրանց 99,4 տոկոսը կազմել է ծծմբային անհիդրիդը: Կառավարության այս որոշումից հետո Ալավերդին դարձել է բնապահպանական ոչ միայն թեժ, այլև աղետալի գոտի:

Կառավարության այս որոշումից հետո Ալավերդին դարձել է բնապահպանական ոչ միայն թեժ, այլև աղետալի գոտի:

Առողջապության ազգային ինստիտուտի վիճակագրության համաձայն՝ Ալավերդիում 1995թ. գրանցվել է չարորակ գոյացություններով 50 հիվանդ, 2012-2017թթ․ գրանցվել է տարեկան միջինը 110 մարդ, քաղցկեղով հիվանդ 637 մարդ մահացել է: Նրանցից 258-ը գրանցված չեն եղել ուռուցքաբանական հիմնարկներում:

2011-2020թթ․ գրանցված հիվանդների 52,95 տոկոսը եղել են կանայք, 2020թ․ Ալավերդու բժշկական կենտրոնի ուռուցքաբանական կաբինետում գրանցվել է 970 քաղցկեղով հիվանդ:

Ստեղծված իրավիճակում այլևս ի՞նչ կտա այս ծրագիրը բնակչությանը:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ասում է՝ ծրագիրը ավելի շատ նպաստելու է պետական քաղաքականության ուղղվածությանը: Այն կառավարությանը ոչ միայն հիշեցնելու է, այլ հանրային ճնշման միջոց է դառնալու ծանր խնդիրը լուծելու համար: Դուլգարյանի խոսքով՝ ծրագիրը տեղական մակարդակում իր ազդեցությամբ նախադեպը չունի, որովհետև առաջին անգամ այս ծրագրի արդյունքներով Ախթալա համայնքի մոտ 70 բնակիչ իրենց շրջակա միջավայրին և առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման համար դիմել են դատարան:

«Սա նաև լավ փաստերի բազա է ՏԻՄ մարմինների համար, որի հիման վրա կարող է մշակվել համայնքների սոցիալ-բնապահպանական քաղաքականությունը»,- ասում է Դուլգարյանը:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

Մեկնաբանել