Վաշինգտոնը մեկնաբանել է Մինսկի խմբի ճակատագրի և ամերիկացի համանախագահի կարգավիճակի հարցերը

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ապրիլի 18-ի ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Մինսկի խմբի ճակատագրի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում Վաշինգտոնի դերի և Էնդրյու Շոֆերի կարգավիճակի մասին հարցերին։

Արդյոք ԱՄՆ-ը հետևելո՞ւ է Ռուսաստանի ու Ֆրանսիայի օրինակին՝ հեռացնելով իր համանախագահին, և ինչպե՞ս է ԱՄՆ-ը ներդրում ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի կնքմանը․ այս հարցերին Փրայսը պատասխանել է․ «Պետքարտուղար Բլինքենը մի քանի շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք շարունակում ենք հանձնառու մնալ հարավակվոկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի առաջմղմանը»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ Վաշինգտոնը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել գործուն դիվանագիտական ջանքերը՝ հարաբերությունները կարգավորելու ու համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակով։

«Ինչ վերաբերում է մեր դերին, մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր կարգավիճակում։ Այսպիսով, երբ խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, իհարկե, Մինսկի խումբը դրանց մի մասն է»,- նշել է Պետքարտուղարության խոսնակը։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հայաստանյան այցի և առկա իրողություններում նրա կարգավիճակի մասին հարցին ի պատասխան՝ Փրայսը հակիրճ պատասխանել է․ «Ես չեմ տիրապետում այդ անձի շրջագայության մանրամասներին կամ ինչ կարգավիճակով է հանդես եկել այդ պահին, բայց մենք կպատասխանենք ձեզ, եթե ավելացնելու բան ունենանք»։

***

Նախորդ շաբաթ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մինսկի խմբի ճակատագրի մասին, ասել էր․ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ապրիլի 18-ին՝ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին։ ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրություններում երկու դիվանագետները նշվել են որպես Մինսկի խմբի համանախագահներ։

Մեկնաբանել