Վրաստանում ընդդիմադիր հեռուստաալիքի տնօրենը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Շոթա Կինչա, OC Media

Թբիլիսիի քաղաքային դատարանը լիազորությունների չարաշահման մեղադրանքով երեք տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիային, որը նաև Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններից է։

Գվարամիայի դեմ դատական գործը հարուցվել էր մեկ այլ հեռուստաընկերության՝ «Ռուսթավի 2»-ի տնօրեն եղած ժամանակ ենթադրաբար կատարված հանցագործությունների համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել 2020-ին՝ լիազորությունների չարաշահման և «Ռուսթավի 2»-ում ունեցվածքի յուրացման, առևտրային կաշառքի և փաստաթղթեր կեղծելու համար: Վերջին երեք կետերով նա անմեղ է ճանաչվել։

Մեղադրող կողմի դատական հայցը վերաբերում էր 76 700 եվրո արժողությամբ Porsche Macan S-ին, որը 2019-ի սկզբին տրվել էր «Ռուսթավի 2»-ին՝ ալիքում տեղադրվելիք գովազդի դիմաց: Դատախազները պնդում էին, որ մեքենան ձեռք է բերվել Գվարամիայի ընտանիքի օգտագործման համար։

«Մնացե՛ք Մտավարիի հետ և ազատությա՛ն հասեք մեզ հետ։ Ամեն ինչ լավ է լինելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գվարամիան դատարանի դահլիճից հեռանալուց առաջ։

Գվարամիան չի եղել նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցության անդամ, բայց կուսակցության կառավարման ընթացքում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել և այժմ դրա ամենաբացահայտ աջակիցներից է: Նա նաև դատարանում պաշտպանում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շահերը։

Թբիլիսիի քաղաքային դատարանը նույն հոդվածով դատապարտել է նաև «Ռուսթավի 2»-ի ֆինանսական նախկին տնօրեն Կախաբեր Դամենիային՝ տուգանելով 50 000 լարիով (17 000 դոլար):

Կիրակի Վրաստանի հանրային պաշտպանը դատարանին հիշեցրել է իրենց ավելի վաղ «դատարանի բարեկամ» (լատ.՝ Amicus curiae) տեղեկագրի մասին, որում նրանք Գվարամիային քրեական կամ նույնիսկ կորպորատիվ իրավական պատասխանատվության առումով հետապնդելու հիմքեր չէին գտել:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» հայտարարություն է տարածել՝ որոշումն անվանելով քաղաքական դրդապատճառներ ունեցող և դատապարտելով այն։ Ըստ «Թրանսփարենսիի»՝ Գվարամիայի հետապնդումը կառավարական քննադատների դեմ «քաղաքական հետապնդումների» շարունակությունն է և հստակ ուղերձ է ընդդիմադիր այլ լրատվամիջոցներին»:

Ընդդիմադիր լրատվամիջոցների հիմնադիրների կամ ընտանիքի անդամների դեմ հարուցված վերջին քրեական գործերը, 2021-ի հուլիսի 5-ի բռնության կազմակերպիչներին քրեական պատասխանատվության չենթարկելը, լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի դեպքերի աճը և անարդյունավետ այլ հետաքննությունները ցույց են տվել, որ ընդդիմադիր ​​լրատվամիջոցների գործունեությունը դարձել է վտանգավոր»,- ասված է նրանց հայտարարության մեջ։

Մեղադրանքները հաջորդում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019-ի որոշմանը, որն ուժի մեջ էր թողել «Ռուսթավի 2»-ը նախկին սեփականատիրոջը փոխանցելու վերաբերյալ Վրաստանի Գերագույն դատարանի որոշումը: Վիճահարույց դատավճռից հետո Գվարամիան և նրա թիմը զրոյից հիմնեցին բոլորովին նոր ալիք՝ «Մտավարին»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել