Հանրայինի եթերում հեռարձակված տեսանյութը ժամանակավրեպ է եղել և տարակուսանք է առաջացրել

Անի Գրիգորյան, #CivilnetCheck

Սեպտեմբերի 14-ի ուշ երեկոյան, երբ պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել էր, որ ժամը 20։00-ի դրությամբ բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, որոշ լրատվամիջոցներ տարածում էին տեղեկություն, թե Ջերմուկի մերձակայքում թեժ մարտեր են։

Որպես աղբյուր՝ լրատվամիջոցները նշում էին Ջերմուկի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանին, որը այս մասին հայտնել էր Հանրային հեռուստաընկերությանը։

Լուրը տարածել են Armday.am, News.am, Shamshyan.com, Radio Aurora, Operativ.am, Yerevan.Today կայքերն ու ֆեյսբուքյան էջեր։

ՊՆ հայտարարության ֆոնին փոխքաղաքապետի այս հայտարարությունը տարակուսանքի առիթ է դարձել։

Նշենք, որ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը երեկ՝ 22:30-ի սահմաններում, կապ էր հաստատել Ջերմուկի քաղաքապետի հետ, որը հայտնել էր, որ վերջին ժամերին իրենց ուղղությամբ կրակոցներ չկան, և իրավիճակը հանգիստ է։

Հանրայինի տեսանյութը ժամանակավրեպ էր

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» 21:00-ի հիմնական թողարկման ընթացքում փոխքաղաքապետի հետ հարցազրույցը հեռարձակվել էր 21:30-ի մոտ, իսկ «Լուրերի» ֆեյսբուքյան էջում տեղադրվել է 21:45-ին: Մինչդեռ, ՊՆ մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում կրակի դադարեցման մասին հայտարարությունը տեղադրվել էր 21:49-ին։

Երբ այս հարցազրույցը տարածում է ստացել լրատվամիջոցներում, այն տեղադրելուց շուրջ երեք ժամ անց «Լուրերը» ֆեյսբուքյան գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ջերմուկի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանի հետ հարցարզրույցը չի եղել ուղիղ միացմամբ, այլ տեսանկարահանվել է ավելի վաղ:

Աշոտ Խաչատրյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ հարցազրույցը նկարահանվել է մինչև 21:00-ն և այդ պահին ընթացել են մարտեր։ Սակայն 21:00-ից հետո հաստատվել է հրադադար և մինչ այս չի խախտվել։

Փաստացի Հանրայինի եթերում հեռարձակված տեսանյութը եղել է ժամանակավրեպ և տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում։

Մեկնաբանել