Պուտինի մեծ նկարը Ստեփանակերտում ու Երևանում․ ովքե՞ր էին հեղինակները

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Համացանցում ու սոցիալական ցանցերում հոկտեմբերի 7-ին տարածվել էր տեսանյութ, որում մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտի «Մե՛նք ենք մեր սարերը» («Տատիկ – պապիկի արձան») հուշարձանի մոտ ցուցադրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով ահռելի պաստառ։

Լրատվամիջոցներն (Hayeli.am, A1plus.am) այս տեսանյութը տարածել էին` «Ինչպես են Ստեփանակերտում արցախցիները շնորհավորել Պուտինի ծնունդը» վերնագրերով։ Հոկտեմբերի 7-ին լրանում էր Վլադիմիր Պուտինի 70-ամյակը։

Այս ակցիան մեծ քննարկումների և քննադատությունների առիթ էր դարձել։ Սակայն որևէ հրապարակման մեջ նշված չէր, թե ովքեր են կազմակերպել այն։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, պարզեց, թե ովքեր են եղել դրա հետևում։

Տեսանյութը հոկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 7:09-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Արցախում գործող «Հայ-ռուսական կազակական խաղաղապահ միություն» անունը կրող կազմակերպության ղեկավար Արմեն Հարությունյանը։

Ինչպես Հարությունյանի գրառման մեջ, այնպես էլ տեսանյութի սկզբում նշված է, որ այն «Հայ-ռուսական կազակական խաղաղապահ միությունից» է՝ Պուտինի ծննդյան կապակցությամբ։

Տեսանյութի վերջում էլ տեղադրված է լուսանկար, որում երևում է Հարությունյանն ու շուրջ 20 հոգի, որոնք միության անդամներն են։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Հարությունյանի հետ, որը հաստատեց՝ իրենց միությունն է եղել կազմակերպիչը։

Հայտնեց, որ պաստառը բերվել է Մոսկվայից։ Բերողը, ըստ նրա, արցախցի բարերար է՝ Արմեն անունով, սակայն հրաժարվեց ազգանունը հայտնել։

«Որպես ռուսական կազմակերպություն՝ մեր երախտագիտությունն ենք հայտնել այդ մարդուն (Վլադիմիր Պուտինին – խմբ.), որ այսօրվա դրությամբ պոստերն ինքն է նայում։ Ես ասում եմ՝ ինքը դուրս գա, մի քանի ժամում սաղ ստեղից կփախնեն։ […] Էսօրվա դրությամբ ո՛չ Հայաստանն է կարում մեզ օգնի, ո՛չ մեկը։ Մենք ռուսի ձեռքին ենք՝ շրջապատված թուրքերով»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենց միության նպատակն է, որ Ռուսաստանի միջոցով հասնեն Արցախի անկախությանը։

«Եթե ռուսը կարողացել է Դոնբասը, Դոնեցկը ճանաչի, մեզ էլ կարող է ճանաչի»,- պնդեց Հարությունյանը։

Հոկտեմբերի 10-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում Պուտինի դիմանկարով նույն պաստառն արդեն կախված էր Երևանի Կիևյան կամրջից։ Հարությունյանը հաստատեց, որ նույն պաստառն է՝ ««բարերար» Արմենն է եղել արցախցի մի քանի այլ մարդկանց հետ»։

Հարությունյանի ֆեյսբուքյան էջում գերակայում են Ռուսաստանի դրոշով լուսանկարները։ Սեպտեմբերի 22-ին միությունը Արցախում նշել էր ռուսական դրոշի օրը։

Մեկնաբանել