Սիրիացի ապստամբները սպառնում են «Ալ Կաիդայի» հետ համագործակցությամբ

Սիրիացի ապստամբները հնարավոր է՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ պայքարում առաջիկայում միավորվեն «Ալ Կաիդայի» հետ, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Հալեպում ապստամբների հրամանատար Աբու Ամմարին։

«Մենք չենք ցանկանում, որ «Ալ Կաիդան» լինի այստեղ, սակայն եթե մեզ ոչ ոք չօգնի, մենք կմիավորվենք նրա հետ»,- ասել է Ամմարը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ապստամբների համար չափազանց դժվար է դիմակայել Ասադի կազմակերպված ու լավ զինված բանակին։

«Թող Աստված օգնի մեզ, քանի որ առանց այդ օգնության հնարավոր չէ հաղթել վարչակարգին։ Նրանք ունեն քիմիական զենք, որը կարող են օգտագործել։ Նրանք ունեն զրահամեքենաներ, ինքնաթիռներ, հրետանի, հրթիռներ, իսկ մենք ոչինչ չունենք»,- նշել է Աբու Ամմարը։

Սիրիացի ընդդիմադիրները միջազգային հանրությանը բազմիցս կոչ են արել Սիրիայի հարցում ձեռնարկել ակտիվ գործողություններ՝ սահմանել ոչ թռիչքային գոտի կամ զինել ապստամբներին։

«Մենք ցանկանում ենք, որ նրանք (սիրիական ընդդիմությանը աջակցող պետությունները) մեզ տան զենք՝ պաշտպանվելու համար կամ ռազմական ինտերվենցիա իրականացնեն։ Մենք բարկացած ենք։ Սիրիացի ժողովուրդը նախկինի պես հավանում է եվրոպական երկրներին, սակայն եթե նրանք շարունակեն նույն ոգով, նրանց կսկեն ատել»,- հավելել է Ամմարը։

Հիշեցնենք, որ սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ․ մարտից։

Մեկնաբանել