Մարկ Ռոտկոյի կտավը վնասած բարբարոսը լեհ է

Հոկտեմբերի 8-ին լոնդոնյան Tate Modern թանգարանում բարբարոսը փչացրել է ամերիկացի հայտնի նկարիչ-աբստրակցիոնիստ Մարկ Ռոտկոյի նկարը: Ինչպես ասվում է Սքոթլենդ Յարդի հայտարարության մեջ՝ ուրիշի սեփականությանը «հանցավոր վնաս հասցնելու» համար մեղադրանք է առաջադրվել 26-ամյա Վլոդզիմեժ Ումանեցին, որը հայտնի է նաև որպես Վլադիմիր Ումանեց: Նա ձերբակալվել է, և այսօր՝ հոկտեմբերի 10-ին, դատարանը նախնական լսումներ կանցկացնի:

Ավելի վաղ բրիտանական մամուլը հայտնել էր, որ Ումանեցը ռուս է: Սակայն բրիտանական ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ նա Լեհաստանի քաղաքացի է: Հայտնի է նաև, որ Ումանեցը Մեծ Բրիտանիայում մշտական բնակության վայր չունի:

Վլոդզիմեժ Ումանեցը նույնպես նկարիչ է: Նա Բրիտանիա է եկել մի քանի տարի առաջ: Սկզբում հավաքարար է աշխատել, այժմ անգործ է և անտուն:

Ումանեցը վնասել է Ռոտկոյի՝ 1958թ. «Սևը շագանակագույնի վրա» կտավը, որը մտնում է նյույորքյան Seagram երկնաքերում գտնվող ռեստորանի համար վրձնած սերիայի մեջ: Փորձագետներն այս աշխատանքը գնահատում են 100 մլն դոլար:

Մեկնաբանել