Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Վարդանյանը ճանաչվել է տուժող։

«Հանցագործության մասին հաղորդում է ստացվել, որ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ էր հնչեցրել։ Նույն օրը նա ձերբակալվել էր, իսկ ապրիլի 17-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն դրամի չափով։

Սամվել Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալն անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման է ենթարկվել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստվում է գրություններ ուղարկել Գլխավոր դատախազություն և ՆԳՆ՝ դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

Սամվել Վարդանյանի խոշտանգումն ու նրա նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը դատապարտել են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ու իրավապաշտպաններ։

Մեկնաբանել