ՔՊ-ական պատգամավորի հասցեին սպառնալիքներ հնչեցրած քաղաքացին ձերբակալվել է․ ՔԿ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած քաղաքացին ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Ապրիլի 15-ին ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը, ժամը 14.10-ից մինչև 14.30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածում, երթուղային տրանսպորտում, անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է արել և հնչեցրել սպառնալիքներ ԱԺ պատգամավոր Հ․ Ասլանյանի հասցեին՝ իրեն թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև հասարակական վայրում կատարել է քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ»,- տեղեկացնում է ՔԿ-ն։

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ և վիրավորական արտահայտություններ արած քաղաքացին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

«Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Ս․ Վ․-ին ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել