Էրզրումում հայկական ինքնաթիռի վայրէջքը ծրագրված էր. «Օգնի´ր եղբորդ»

«Օգնի´ր եղբորդ» նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռն այսօր առավոտյան վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում` զննում անցնելու նպատակով` ըստ նախապես հաստատված թռիչքուղու:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Այսօր առավոտյան 7:00-ին, «Oգնիր եղբորդ» նախաձեռնութունը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղարկեց Սիրիա՝ հասցեագրված հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված սիրիահայ և սիրիացի ընտանիքներին։ Թռիչքն իրականացվեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Էյր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռով:

Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը՝ բաղկացած 12-15-կիլոգրամանոց արկղերից, պարունակում է պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր:

Օդանավն անցնելու է Թուրքիայի օդային սահմանով և ըստ նախապես հաստատված թռիչքուղու` վայրէջք է կատարելու Էրզրումի օդակայանում՝ զննում անցնելու նպատակով։

Այս պահին օդանավն արդեն վայրէջք է կատարել Էրզրումում, և ինչպես նախորդ անգամ, անցնում է բեռնազննություն։

Հալեպում ուղեբեռը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և համահամայնքային «Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին»։

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներն այսօր գրել էին, թե հայկական ինքնաթիռի վայրէջքն Էրզրումում հարկադիր է:

Մեկնաբանել