«Ժառանգությունը» Արզումանյանի ժառանգության հետևից

«Ժառանգություն» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին նույն խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին երկու հանձնաժողովում, միջազգային խորհրդարանական երեք կազմակերպություններում, բարեկամական մի շարք խմբերում զբաղեցրած պաշտոններից հետ կանչելու դիմումով:

«Քանի որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է, որ Ալեքսանդր Արզումանյանը, ֆորմալ առումով մնալով խմբակցության կազմում, ներկայացնում է միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, այդ իսկ պատճառով, բնականաբար, պետք է խմբակցությունը ունենա իր ներկայացուցիչները հանձնաժողովներում և պատվիրակությունների կազմում»,– «Ազատություն» ռադիոկայանի ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Այս գործընթացը կարելի է դիտարկել որպես «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կոնֆլիկտի տրամաբանական շարունակություն, առավել ևս, որ այդ մասին անձամբ Ռուբեն Հակոբյանը երկու կուսակցությունների գժտությունից հետո մի քանի անգամ ակնարկել էր: Սակայն մյուս կողմից՝ մեծ պատկերում դիտարկենք Ալեքսանդր Արզումանյանի շուրջ սկսված զարգացումները, ապա լուրջ կասկածներ են առաջանում, որ իրականում ԱԺ-ում սկսված գործընթացը միայն «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կոնտեքստում չէ:

Կարծես վերջերս տեղի ունեցող շատ գործընթացներ պտտվում են ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շուրջ: Մի քանի օր առաջ «Ժառանգություն»-ԲՀԿ խորհրդակցությունը, կարելի է ասել, առանց սկանդալի չավարտվեց: Այդ հարցի շուրջ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտնած հակասական դիրքորոշումը հստակ ցույց տվեց, որ կուսակցության ներսում «արշալույսները այդքան էլ խաղաղ չեն»: Տպավորություն կա, որ «Ժառանգություն» կուսակցության և «Ժառանգություն» խմբակցության ջրերը նույն առվով չեն հոսում: «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հակոբյանը խիստ քննադատաբար են վերաբերվում ԲՀԿ-ի հետ որևէ խնդրի շուրջ համագործակցության հեռանկարին, այն դեպքում, երբ կուսակցության հիմնական կորիզը այլ դիրքորոշում ունի:

Այս ֆոնին նոյեմբերի 19-ին խորհրդարանական կառավարման անցնելու թեմայով տեղի ունեցավ ԲՀԿ-«Ազատ դեմոկրատներ» խորհրդակցությունը, որին ազատ դեմոկրատներից մասնակցում էր նաև Ալեքսանդր Արզումանյանը: Հանդիպումից ընդամենը ժամեր անց հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ի քաղաքական խորհրդակցությունները խիստ քննադատող «Ժառանգություն» խմբակցությունը Ալեքսանդր Արզումանյանին խորհրդարանական պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել:

Մեկնաբանել