Թուխմանուկի պոչամբարի հանրային լսումները սկսվել են հանքավայր այցելությամբ

Այս պահին Արագածոտնի մարզի Մելիք գյուղում ընթանում են գյուղից քիչ հեռու գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի համար նախատեսվող երրորդ պոչամբարի նախագծի հանրային լսումները:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, հանրային լսումների մասնակիցները սկզբում ցանկություն հայտնեցին անձամբ տեսնել նախատեսվող պոչամբարի տարածքը և քննարկումը կազմակերպել «աչքով տեսածի» հիման վրա: Հանրային լսումների մասնակիցներն այժմ հանքավայրից դեպի գյուղ տանող ճանապարհին են:

Ի դեպ` հանրային այս լսումները թվով երրորդն են: Նախորդ երկուսի ընթացքում համայնքն արտահայտել է իր մտահոգությունը, որ հանքը շահագործող ընկերությունը չի իրականացրել խոստացած սոցիալական ծրագրերը:

Նշենք, որ Թուխմանուկի հանքավայրից բաց եղանակով ոսկու արդյունահանմամբ և կորզմամբ է զբաղվում «Մեգո Գոլդ» ընկերությունը: Ոսկու կորզման արդյունքում առաջացած թափոնները մինչ այժմ կուտակվել են երկու պոչամբարներում, և կարիք է առաջացել` ստեղծելու երրորդը:

Բնապահպանների հավաստմամբ` նոր պոչամբարի կառուցման տեղանքն ունի բարձր սեյսմիկ ակտիվություն, իսկ նախկին պոչամբարը բազմիցս վթարի է ենթարկվել՝ վնասելով գյուղի ոռոգման ջրի աղբյուրները: «Մեգո Գոլդ»-ը Մելիք գյուղի բնակիչների նկատմամբ ունի չվճարված աշխատավարձի պարտքեր:

Մեկնաբանել