ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին և պատվիրակության անդամներին. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Ողջունելով հյուրերին՝Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել սերտ համագործակցության կապակցությամբ: Ոստիկանության պետը նշել է, որ նկատի ունենալով Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ձեռք բերած փորձը՝ ոստիկանությունն արել և անում է առավելագույնը թափանցիկ ու արդյունավետ աշխատելու թե՛ դիտորդական առաքելությունների, թե՛ կուսակցությունների, կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների հետ: Մասնավորապես, անդրադարձ է արվում բոլոր ահազանգերին, ըստ պահանջի տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, ընտրախախտումների քննության վերաբերյալ հասարակությունը պարբերաբար և ամենայն մանրամասնությամբ իրազեկվում է ոստիկանական հեռուսատահաղորդումների միջոցով, իսկ կայքով ներկայացվում են նաև նյութերի անգլերեն և ռուսերեն տարբերակները:Հայդի Թալիավինին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելեց, որ դիտորդներին հետաքրքրում է նաև ոստիկանության արձագանքը հետընտրական զարգացումներին:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հետընտրական շրջանում էլ ոստիկանությունըպատշաճ իրականացնում է իր գործառույթները հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ոստիկանության պետն ընդգծել է, որ հանրահավաքների ընթացքում ոստիկանության խնդիրը անցանկալի միջադեպերի բացառումն է՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, որն ընդգրկում է նաև հանրահավաքների տեսագրումը՝ նպատակ ունենալով կանխել սադրանքներն ու իրավախախտումները, ինչպես և վերահսկել ոստիկանների կողմից ծառայության պատշաճ կատարումը:

Ի պատասխան Հայդի Թալիավինիի՝ Արտաշատի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այդ դեպքով արդեն իսկ ծառայողական քննություն է նշանակվել, և օրենքը հատկապես խիստ է իր պարտականություններում թերացած ոստիկանի հանդեպ, քանի որ օրենքը չկատարող ոստիկանը չի կարող օրինահարգություն պահանջել քաղաքացուց:

Հայդի Թալիավինին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Գասպարյանին հարցադրումներին տրված սպառիչ ու մանրակրկիտ բացատրությունների համար:

Մեկնաբանել