Ս. Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գնահատող խմբի ղեկավարին

ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակում ՀՀ ՊՆ հանձնառությունների ընթացքը գնահատելու նպատակով ս.թ. փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի գնահատող խումբը, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Փետրվարի 25-ին խմբի անդամներն այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, որտեղ նրանց ներկայացվել է բրիգադի գործունեության վերաբերյալ զեկույց` անդրադարձ կատարելով խաղաղության աջակցության միջազգային գործողություններին զորամիավորման ստորաբաժանումների մասնակցության, բրիգադի կարողությունների զարգացման և փոխգործունակության ամրապնդման ընթացքի վերաբերյալ:

Փետրվարի 26-ից 27-ը գնահատող խումբը ՀՀ ՊՆ-ում հանդիպումներ է ունեցել ՊՆ և ԶՈւ ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, միտված Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման շուրջ քննարկումներին:

Փետրվարի 28-ին ՆԱՏՕ-ի գնահատող խմբի ղեկավար Գի Ժերբոյին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի փորձագետը զեկուցել է գնահատման այցի արդյունքների մասին: Պաշտպանության նախարարն իր հերթին, կարևորելով պարոն Գ.Ժերբոյի բազմամյա ներդրումը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտանական գերատեսչության փոխգործունակության ամրապնդման հարցում, վերջինիս պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով:

Գնահատող խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նախանշվել են նաև Հայաստանի հանձնառությունների կատարման շուրջ Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության հետագա ուղիները:

Մեկնաբանել