Փաշինյանը համոզված է՝ սահմանազատման գործընթացով Հայաստանի լինելիության հարցն է լուծվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ սահմանազատման գործընթացով Հայաստանի լինելիության հարցն է լուծվում։

«Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Մենք այս փուլում շատ ակտիվ պետք է լինենք որպես կուսակցություն։ Պարզ է, որ դա շատ ցավոտ հարց է և դա ուրիշի տունը չի, դա իմ տունն է։ Տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ուզում եմ արձանագրենք, որ մենք ոչ թե մի տան, գյուղի, ճանապարհի հարց ենք լուծում, այլ Հայաստանի Հանրապետության առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում և մենք լուծելու ենք այդ հարցը։ Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև դա մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է»,- ապրիլի 25-ին ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին ասել է Փաշինյանը։

Վարչապետը կուսակիցների հետ հանդիպմանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով։

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել