Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ ապրիլի 26-ին, մերժեց նրան ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։

«Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետև դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա, որոնք պիտի հարցաքննվեն, և դատարանի կարծիքով՝ կարող էր նրանց վրա որոշակի ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ ընտրված քաղաքապետ է։ Հիմա այդ 30 վկաներին լսել են, ակնհայտ է, որ հիմքը վերացել է, և մարդը պետք է ազատ արձակվի։ Մեկ էլ դատարանը որոշում է, որ սեփական նախաձեռնությամբ ևս 7 վկա պետք է հրավիրի հարցաքննության։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումն ինքնին սխալ էր, բայց այս հանգամանքը հիմք ընդունել ու ասել, որ հիմա էլ այս 7-ի վրա կարող է ազդել, արդեն չեղավ։ Անկողմնակալ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ 7 վկան ոչ թե ճշմարտությունը բացահայտելու համար հայտնվեցին, այլ զուտ, որ արհեստական հիմք ստեղծվի Մամիկոն Ասլանյանի անազատությունը շարունակելու»,- հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ է ավելի քան երկու տարի և չորս ամիս՝ 2021-ի դեկտեմբերի 15-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ 2021-ի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել էր 12 814 ընտրող (ավագանու մանդատների 45 %-ը):

Մեկնաբանել