Բիզնես միջավայրը գործադիրը բարելավելու է Doing Business-ի ենթացուցիչների հաշվին

Doing Business («Գործարարությամբ զբաղվելը») ամենամյա զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավելու համար կառավարությունում որոշել են այս տարի ավելի մեծ ուշադրություն դարձնել հարկերի վճարման գործընթացին։ Զեկույցի՝ «Պայմանագրերի կիրարկում» ենթացուցիչով առաջընթաց ապահովելու համար գործադիրը, օրինակ, նախատեսում է կազմակերպել սեմինարներ ու տպագրել բրոշյուրներ։

Իշխանությունները որոշել են այս տարի ուշադրություն դարձնել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող Doing Business ամենամյա զեկույցի այն ենթացուցիչների վրա, որոնցով երկիրը հետնապահների թվում է։ Այսօր էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հավանությանն է ներկայացնելու «Գործարար միջավայրի բարելավման 2013թ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։

Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ նախորդ տարիներին իրականացված բարեփոխումների շնորհիվ «Գործարարությամբ զբաղվելը 2013» զեկույցում Հայաստանը դասակարգման մեջ 185 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ դիրքը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 18 կետով, իսկ վերջին երկու տարիների համեմատ՝ 29 կետով։ «Գործարար միջավայրի և Հայաստանի դիրքի բարելավման շարունակականության ապահովման նպատակով անհրաժեշտ է իրականացնել արագ և լայնամասշտաբ բարեփոխումներ»,– ասվում է փաստաթղթում։

Որոշման նախագծից երևում է, որ այս տարի առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու միջոցառումներին, որոնք ուղղված են «Հարկերի վճարում» ենթացուցչի բարելավմանը։ Մասնավորապես՝ որոշակի քայլեր են նախատեսվում գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունների ներկայացման պահանջը վերացնելու միջոցով՝ ժամանակի և ծախսերի կրճատման, դրամարկղային գրքերի վարման ժամկետների կրճատման, հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղություններով։

Doing Business 2013 զեկույցում «Հարկերի վճարում» ենթացուցիչով 185 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 108-րդ տեղը։ Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է ոչ միայն Վրաստանին (33-րդ տեղը), Ադրբեջանին (76-րդ տեղը), Թուրքիային (80-րդ տեղը), այլև Ռուանդային (25-րդ տեղը), Աֆղանստանին (94-րդ տեղը), Սուդանին (101-րդ տեղը)։

Մյուս ենթացուցիչը, որի բարելավման ուղղությամբ գործադիրը հատուկ միջոցառումներ է նախատեսում, «Սահմանային առևտուրն» է (Հայաստանը զբաղեցնում է 107-րդ տեղը)։ Կառավարությունում ենթադրում են օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով պարզեցնել և հստակ մաքսային ընթացակարգեր սահմանել, պարզեցնել մաքսային հսկողության ժամկետները և գործընթացները, ավելացնել տնտեսավարող սուբյեկտների կողմից ինքնուրույն մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարարագրերի տեսակարար կշիռը։

Եթե Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում արտահանողներից պահանջվում է 4 փաստաթուղթ և 10 օր, ապա Հայաստանում փաստաթղթերի թիվը 5 է, իսկ պահանջվող ժամանակը՝ 13 օր։ Ներմուծման դեպքում ավելի շատ ժամանակ և փաստաթղթեր են պահանջվում՝ համապատասխանաբար 18 օր և 8 փաստաթուղթ։

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է նաև լուրջ ուշադրություն դարձնել «Պայմանագրերի կիրարկում» ենթացուցչի վրա, որով Հայաստանը զբաղեցնում է 91-րդ տեղը։ Բարելավումը նախատեսվում է ապահովել պայմանագրերից ծագող վեճերի լուծման համար անհրաժեշտ գործընթացների վերաբերյալ առնվազն երեք անգամ սեմինար քննարկում կազմակերպելու միջոցով, ինչպես նաև պայմանագրերից ծագող վեճերի լուծման համար անհրաժեշտ գործընթացների և ծախսերի մանրամասն նկարագրությամբ բրոշյուրների տպագրության ճանապարհով։

Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ժամանակացույցից երևում է, որ դրանց արդյունքները կարտացոլվել 2014թ. հրապարակվելիք՝ Doing Business 2015 զեկույցում։

Այս տարի հրապարակվող Doing Business 2014-ն արտացոլելու է 2012-2013 թթ. ֆինանսական տարվա արդյունքները։ Պարզ ասած՝ զեկույցի կազմման մեթոդոլոգիան այնպիսին է, որ դրանում ընդգրկվում են նախորդ տարվա հունիսից մինչև տվյալ տարվա հունիսն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները։

Մեկնաբանել