Էլեկտորատը հոտ է, հոտը՝ էլեկտորատ

Քաղաքացիական հասարակության ճանապարհին ջարդվելու են մի շարք նախապաշարմունքներ։ Դրանցից է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբազնության հանդեպ նախապաշարմունքը։ Նորին Սուրբ Օծության մասին ֆեյսբուքյան գրառումները երբեմն անցնում են թույլատրելիի սահմանները, բայց դրանք «շշից դուրս եկած Ջինի» շարքից են։ Հայրապետն այլևս հոտի վրա իշխանություն չունի։ Այսօր հարվածի տակ է նաև այդ մարդու լեգիտիմությունը, որը չարժե ասել, թե ապրել և աշխատել է հայ ժողովրդի դեմ, սակայն վստահաբար կարելի է ասել, որ իր «աղոթքներում» չափազանց շատ է նկատի ունեցել հայ ժողովրդի վատագույն հատվածին՝ իշխանությանը։

Կաթողիկոսը Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանության ներկայացուցիչն է եկեղեցում, որի հոտը նաև էլեկտորատ է։ Խնդիրը ծագել է դեռևս 1999թ. հոկտեմբերի 27-ին, երբ կաթողիկոսի ընտրության հարցում ծանրակշիռ դեր ունեցավ օրվա քաղաքական իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռում տեղի ունեցող քվեարկությանը մասնակցում էին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը և Վազգեն Սարգսյանի եղբայրը, պատվիրակներ էին Վազգեն Սարգսյանի թիմակիցներ, ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանը և գեներալ Մանվել Գրիգորյանը։ Հենց նրանք էլ ըստ էության կանխորոշեցին քվեարկության ընթացքը, նրանք Արարատյան թեմի պատվիրակներ էին, որոնք, ինչպես արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանն էր ասում, «Սուրբ հոգով ներշնչված քվեարկելու էին ի սեր մեր եկեղեցու»։

Թե հոկտեմբերի 27-ին ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, հայտնի է շատերին, սակայն ոչ մեկի աչքից չվրիպեց տեղի ունեցածի «խորհրդանշականությունը»՝ այդ օրը Վազգեն Սարգսյանի կողմնակիցներն «ընտրում» էին Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Գարեգին Բ-ն շատ փորձությունների միջով անցավ իր հայրապետության ընթացքում, որոնցից էին հանուն եկեղեցու «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու փորձը, Լեզվի ինստիտուտը հիմնահատակ ոչնչացնելը և կաթողիկոսի նստավայր շինելու հաջողված, բայց լուրջ ընդդիմության հանդիպած փորձը, 2003թ., 2008-թ. կասկածելի արդյունքներով նախագահի ընտրություններում հաղթողներին անձամբ հասցրած շնորհավորանքները։ 2003-ը կաթողիկոս Գարեգին Բ-ն մարսեց, սակայն 2008թ. նախագահի ակնհայտ կեղծված ընտրություններից ու մարտի 1-ի տասը սպանությունից հետո Սերժ Սարգսյանի ընտրությունը նրան չներվեց։

Կաթողիկոսին լուրջ չվերաբերվեց անգամ աստվածաբանական գրքերի ու տեքստերի բացառիկ մասնագետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա հրաժարվեց մարտի 1-ի գիշերն ընդունել իր ոտքով ընդդիմության առաջնորդի դուռ գնացած Գարեգինին։ Որովհետև, Տեր-Պետրոսյանի կարծիքով, կաթողիկոսը պետք է իր խոսքն ասեր ոչ թե իրեն, այլ իշխանությանը և ժողովրդին, մեկ առանձին վերցրած ընդդիմադիր գործչի ականջին ասված կաթողիկոսի խոսքը էթիկական առումով չպետք է և իրավունք չունի խնդիր կարգավորել։ Հենց սա էր հասկացել Տեր-Պետրոսյանը և մերժելով՝ նա կաթողիկոսին ուղղորդում էր դեպի հոտը։

Այսօր Գարեգին Բ-ի հերթական փորձության օրն է, Քրիստոսից փորձության համար պահանջվեց անապատ և 40 օր։ Կաթողիկոսը գահակալման 14-րդ տարին է գլորում։ Գրեթե ոչ ոք չի կասկածում որ նա օրհնելու է Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը։ Ոչ ոք չի կասկածում, որ եկեղեցին այլևս չի դիմադրում ուրիշի ոչ լեգիտիմության մեջ մխրճվելու վտանգին։ Պատճառը ո՞րն է. այն է, որ կաթողիկոսը ցմահ է, նրան վիճարկող չկա։ Ինքը՝ եկեղեցին, անշուշտ կարող է ասել, որ օրհնությունը քաղաքական ծիսակատարություն չէ, եկեղեցին անջատ է պետությունից, բայց բոլորը գիտեն, որ եկեղեցին Աստծո ձեռքից չի ստացել Լեզվի ինստիտուտի տարածքը, և երկնքից արված նշաններով չէ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նոր սեփականություններ է շնորհում եկեղեցուն։ Ըստ իս՝ եկեղեցին պատանդ է, զոհ մի իշխանության ձեռքը, որը եկեղեցուց ստանալիք չունի, բայց ունի տալիք։ Բայց միայն պատմություն չիմացող և նույնիսկ դպրոց չգնացած իշխանությունը կարող էր իրեն դնել մի վիճակի մեջ, որպեսզի փորձեր հաճոյանալ եկեղեցուն։

Մովսեսը փարավոնից ոչինչ չի պահանջում, այլ՝ ազատ արձակել հրեա ժողովրդին։ Հիսուսն ընդհանրապես աշխարհիկ ոչ մի իշխանությունից ոչ մի պահանջ չուներ՝ կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն։ Չէ՞ որ Տիգրան կամ Սերժ Սարգսյանները հաստատ Աստծուն իրենց գրպանում չեն ունենալու (մեղա) եկեղեցուն հաճոյանալով։ Բայց, ինչպես մեր իշխանությունն է ասում, կույր պետք է լինել չտեսնելու համար եկեղեցու ձեռք բերելիք «Բենթլին»։

Մեկնաբանել