Կվաճառվի լեդի Դիանայի զգեստը, որով նա պարել է Սպիտակ տանը

Kerry Taylor լոնդոնյան աճուրդի տունը վաճառքի է դրել արքայադուստր Դիանայի մի շարք հայտնի զգեստներ, այդ թվում՝ մուգ կապույտ թավշյա զգեստը, որով նա պարել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ 1985թ. Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքի ժամանակ:

Աճուրդի տունը, որը վերջին տարիներին վաճառել է լեդի Դիին պատկանող բազմաթիվ իրեր, զգեստները ստացել է ԱՄՆ-ից: Դրանք վաճառվել են հենց արքայադստեր խնդրանքով Նյու Յորքում 1997թ. կայացած բարեգործական երեկոյի ժամանակ: Որոշ զգեստներ Դիանան կրել է Ավստրալիա, Ավստրիա, Բրազիլիա և այլ երկրներ կատարած պաշտոնական այցերի ընթացքում: Այս զգեստներով Դիանային լուսանկարել են պապարացիներն ու հայտնի լուսանկարիչներ Մարիո Տեստինոն և լորդ Սնոուդոնը:

Աճուրդում ներկայացված զգեստները Դիանայի սիրած դիզայներների աշխատանքն են՝ Զանդրա Ռոդեսից մինչև Վիկտոր Էդելշտեյն: Վերջինս արքայադստեր համար կարել է ամենահայտնի զգեստներից մեկը, որով նա ներկայացել է 1985թ. նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը իր և արքայազն Չարլզի պատվին կազմակերպված ընթրիքին: Այս երեկոն պատմության մեջ է մտել Ջոն Տրավոլտայի հետ Դիանայի 20-րոպեանոց պարի շնորհիվ, որը դերասանն ավելի ուշ անվանել է «հեքիաթային»:

Աճուրդը կկայանա մարտի 19-ին Kerry Taylor-ի կենտրոնակայանում: Զգեստները գնահատվում են 20-200 հազ. ֆունտ ստեռլինգ:

Մեկնաբանել