Սովետը դեռ չի փլուզվել

«Վարչահրամայական համակարգ»-ը Խորհրդային Միության հետ ասոցացվող եզրույթներից է: Տարբեր տեսաբաններ սրա տակ հասկանում են հասարակական հարաբերությունների մի ամբողջ փունջ, որոնց համար հատուկ են պետական սեփականության վրա հիմնված տնտեսական կյանքի կենտրոնացումը, տնտեսական ազատությունների բացակայությունը և կեղծ ժողովրդավարությունը, հասարակության կուսակցական-բյուրոկրատկան պետական կառավարումը: Ինչպես հայտնի է, նման համակարգով էր ղեկավարվում ԽՍՀՄ-ը, նման համակարգով են ղեկավարվում ոչ ժողովրդավարական շատ ռեժիմներ:

ԽՍՀՄ-ը կարծես փլուզվել է, և հետխորհրդային տարածքում լայն հնարավորություններ ենք ունեցել հրաժեշտ տալու վարչահրամայական կառավարման ձևերին և անցում կատարելու ավելի արդյունավետ հանրային կառավարման: Սակայն թռուցիկ հայացքն իսկ ցույց է տալիս, որ հետխորհրդային շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում (ներառյալ Արցախը), շարունակվում է վարչահրամայական կառավարումը:

Վարչահրամայական համակարգը նախևառաջ մտածելակերպ է, որը խորը թափանցած է ինչպես պետական համակարգի, այնպես էլ մասնավոր բիզնեսի մեջ: Ինչ-որ փուլերում այս համակարգը կարող է արդյունավետ լինել. օրինակ՝ հետպատերազմյա շրջանում, երբ հարկավոր է կենտրոնացում՝ ավերածությունները, տնտեսական կոլապսը և այլն հաղթահարելու համար: Բայց որպես կանոն նման կերպ շարունակելը բերում է ճահճացման և արդյունավետության կորստի:

Պետական սեփականությանը փոխարինել է իշխանության և բիզնեսի սերտաճումը, ինչը նույնպես ենթադրում է տնտեսական կյանքի կենտրոնացում և հանրային միջոցների անարդյունավետ ծախսում, բնականաբար խախտվում են տնտեսական ազատությունները, ժողովրդավարությունն էլ ընդամենը հռչակագրային մակարդակի վրա է: Երկրում գոյություն ունի ուռճացած բյուրոկրատիա: Ի տարբերություն ԽՍՀՄ-ի՝ բյուրոկրատիայի անդամները չեն պատկանում մեկ կուսակցության, բացակայում է գաղափարական հիմքը:
Որպես կանոն՝ իշխանություններն ու բյուրոկրատիան իրենց նույնացնում են պետության հետ, նրանց ամեն մի քննադատություն որակվում է որպես հակապետական գործունեություն:

Վարչահրամայական կառավարման մասին է խոսում նաև Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների թույլ լինելը: Սրա փոխարեն բավական ուժեղ է պետական կառավարումը, որը շրջաններում իրականացվում է վարչակազմերի կողմից: Վարչակազմերը ուռճացված են և անարդյունավետ: Որպես կանոն, վարչակազմի ղեկավարներ են նշանակվում ուժային կառույցներում բարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ, որոնք հեռու են արդյունավետ կառավարումից: Նրանց առջև խնդիր է դրվում առավել շատ իշխանություն հաստատել շրջանի բնակչության վրա, ինչն էլ ընթանում է տարատեսակ ազատությունների սահմանափակմամբ:

Վարչահրամայական կառավարման անարդյունավետության խնդրի առջև ժամանակին կանգնել են զարգացած շատ երկրներ: Սակայն արդեն 1970-ականներին մասնավոր հատվածից պետական կառավարման ոլորտ էին գալիս կառավարիչներ, որոնք արդյունքը կարևորում էին գործընթացից և նոր որակ էին բերում կառավարման համակարգում:

ԽՍՀՄ-ը փլուզվել է, սակայն մտածելակերպը մնացել է: Արցախյան հասարակությունը լուրջ քննարկումների կարիք ունի՝ կառավարման նոր մոտեցումներին ծանոթանալու և դրանք հանրային հարաբերությունների մեջ ներգրավելու համար: