PKK-ն պետք է զենքը վայր դնի և հեռանա Թուրքիայից. Օջալան

Այսօր (մարտի 21) առավոտից Դիարբեքիրում հավաքված հարյուր հազարավոր քրդեր սպասում էին Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր (PKK), քուրդ ժողովրդի առաջնորդ հռչակված Աբդուլլահ Օջալանի ուղերձին: Այս պահին նախ քրդերեն, ապա թուրքերեն լեզվով սկսել է ընթերցվել Օջալանի ուղերձը: Բանտարկված Օջալանի ուղերձը կարդում է քուրդ պատգամավոր Փերվին Բուլդանը:

Օջալանն ազդարարել է, որ քրդերի համար նոր դարաշրջան է սկսվում: Նա կոչ է արել քուրդ զինյալներին զենքը վայր դնել և հեռանալ Թուրքիայից: Օջալանն ասել է, թե պետք է դադարեցնել թափել քուրդ և թուրք ժողովուրդների արյունը: Քրդերի առաջնորդի ուղերձի համաձայն` այժմ զենքերը պետք է լռեն և ճանապարհ բացեն քաղաքականության համար: Այս պահին շարունակվում է ընթերցվել Օջալանի 5-էջանոց ուղերձը, որը նաև քրդական հարցի խաղաղ ճանապարհով լուծման ճանապարհային քարտեզ է: