Չինաստանի նախագահը պետական այցով ժամանել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պետական այցով ժամանել է Ռուսաստան, հաղորդում է ռուսական ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է պետության ղեկավարի պաշտոնում։ Չինաստանի առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքային «Վնուկովո» օդանավակայանում։

Ինչպես նշում է չինական կողմը, փաստը, որ պետական բարձրագույն պաշտոնում ընտրվելուց ընդամենը մեկ շաբաթ անց Սի Ցզինպինը ուղևորվում է Մոսկվա, վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին։

Այցի նախօրեին ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին, «Ռոսիյսկայա գազետային» և Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Չինաստանի առաջնորդը բարձր էր գնահատել երկկողմ հարաբերությունների հեռանկարները և ասել էր, որ շատ է սպասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Ես շատ եմ սպասում նախագահ Պուտինի հետ հանդիպմանը»,- ասել էր նա՝ հավելելով․ «Նախագահ Պուտինի հետ մենք նախկինում էլ ենք հանդիպել, նա մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Մենք նրա հետ շատ հարցերում ընդհանուր լեզու ենք գտել, ես դա լավ հիշում եմ»։

Խոսելով առաջիկա առաջնահերթ նպատակների մասին՝ Սի Ցզինպինը «քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի առավելությունը գործնական իրական համագործակցության վերածելու» հնարավորության վստահություն էր հայտնել, ինչպես նաև Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մինչև 2015թ․ մինչև $100 մլրդ հասցնելու նպատակի վաղաժամ իրականացման կոչ էր արել։