Հուների մաքրման և ափերի ամրացման աշխատանքները կավարտվեն նախատեսվածից շուտ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արմավիրի մարզ այցի ընթացքում եղել է Մաստարայի ջրամբարի կառուցման վայրում` Մյասնիկյան համայնքի տարածքում. տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքից: Գյուղատնտեսության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների, Արմավիրի մարզպետի հետ տեղում քննարկվեցին ապագա ջրամբարի տեղանքի վերջնական ընտրության, ջրածածկ տարածքի հետ կապված հարցեր: Ջրամբարը նախատեսվում է կառուցել Մաստարա գետի վրա, որը կուտակելու է Սելավ Մաստարա գետի և Ախուրյանի ջրամբարից մինչև Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածի ազատ հոսքը:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթն ամբողջացնել` «Քուվեյթ» հիմնադրամին ներկայացնելու համար, ինչպես նաև աշխատել քուվեյթցի գործընկերների հետ`անհրաժեշտության դեպքում ընթացիկ տեղեկատվություն տրամադրելու համար:

Նշենք, որ փոխվարչապետի` օրերս Քուվեյթի Պետության կատարած այցի ընթացքում «Քուվեյթ» հիմնադրամը հետաքրքրվածություն էր ցուցաբերել ջրամբարի կառուցման նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորման հարցը քննարկել հիմնադրամի խորհրդում:

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները փոխվարչապետին զեկուցել են նաև մարզի Խանջյան, Մայիսյան, Ակնաշեն և Փշատավան համայնքների տարածքներում հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառուցվածքների ամրացման աշխատանքների ընթացքի մասին: ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 – Ն որոշմամբ այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է Դ679 մլն` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:

Խանջյան, Մայիսյան համայնքների տարածքում կատարվում են հեղեղատարների հուների մաքրման և ափերի ամրացման աշխատանքներ, Ակնաշենում ամրացվում է Մեծամոր գետի ափը, իսկ Փշատավանում` Արաքս գետի ափապաշտպան կառույցները:

Զեկուցվել է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսվածից ավելի շուտ` հաշվի առնելով գարնանային հեղեղումների վտանգը: Ա. Գևորգյանը պատասխանատուներին հանձնարարել է ընտրված հատվածներում անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել այնպես, որ առկա խնդիրները լուծվեն ամբողջությամբ:

Մեկնաբանել