Ավագ չորեքշաբթի. օր մատնության, օր ներման

Այսօր ավագ չորեքշաբթի է. օր, երբ Հուդան համբույրով մատնեց Քրիստոսին: Օրվա ավետարանական ընթերցվածները պատմում են նաև Աբրահամի` զավակ ունենալու ավետիսի, Սոդոմ-Գոմոր քաղաքների կործանման, Ղովտի փրկության և մեղավոր կնոջ զղջման ու ներում ստանալու մասին:

Ավետարանիչները պատմում են, որ Զատկին նախորդող չորեքշաբթի օրը մեղավոր կինը նարդոսի թանկարժեք յուղով օծել է Հիսուսի ոտքերն ու գլուխը: Աշակերտները նեղսրտել են, թե յուղը բավական մեծ գին ուներ, և վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին ի պատասխան Հիսուսն ասել է. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա ինձ համար մի բարի գործ արեց: Ամեն ժամ աղքատներին ձեզ հետ ունեք, և երբ ուզենաք, կարող եք նրանց բարիք անել: Բայց ինձ ամեն ժամ ձեզ հետ չունեք»: Թանկարժեք յուղով օծումը Հիսուսն իր՝ գերեզման իջնելու նշանն է կոչել:

Մինչ այս Հիսուսը մեկ անգամ չէ, որ խոսել էր իր առաքելության ավարտի՝ իր մահվան մասին: Սակայն Քրիստոսի առաքելության իրական խորհուրդը դեռ անհասանելի էր աշակերտների ու ժողովրդի համար, և շատերը, տեսնելով նրա հրաշագործությունները, խորհում էին, թե հենց նա է սպասված փրկիչը, որ եկել է իրենց ազատելու հռոմեական լծից, օտար կեղեքիչներից և վերահաստատելու հրեական թագավորությունն՝ իր ողջ զորությամբ: Տառապյալ Փրկչի կերպարն անհասկանալի էր հաղթած արքա պատկերացնողների համար: Եվ ընտրված 12 աշակերտներից մեկը՝ Իսկարիովտացի Հուդան, որոշել է մատնել Հիսուսին, որպեսզի նրան կարողանան գտնել և ձերբակալել մենակ եղած պահին՝ չհարուցելով ժողովրդի զայրույթը: Իր ծառայությունների՝ Հիսուսին զինվորներին ցույց տալու նպատակով համբուրելու համար, Հուդան 30 արծաթ է ստացել: Այդ 30 արծաթով նա չի հապաղել գնել ագարակ, սակայն վայելել այն, իհարկե, չի կարողացել. հասկանալով, որ անմեղ մարդու սոսկալի տանջանքների պատճառ է դարձել՝ նա ինքնասպան է եղել հենց այդ ագարակում:

Մատնության չորեքշաբթին ներկայացնում է մի շարք մահացու մեղքեր. խոսվում է պոռնկության, սոդոմականության, արծաթասիրության, հպարտության ու մատնության մասին: Դրանք, ինչպես կարող ենք դիտարկել, բավական տարածված են նաև այսօր: Ոչ ոք ապահովագրված չէ մեղքերից, և օրվա հիշեցումն է բոլոր քրիստոնյաներին, որ անգամ ծանրագույն հանցանքների համար կարող են ներում ստանալ, եթե իրենց խոնարհված սրտերում Աստված զղջում տեսնի: Մինչդեռ կատարված արարքի համար ներման հնարավորության բացակայության մասին միտքը՝ աստվածային ողորմածության հանդեպ կասկածն ու առ Լույսը վերադարձի անհուսությունը, առաջնորդում են անմիջական մահվան:

Նշենք նաև, որ հնում Հարության տոնին հայ ժողովուրդը պատրաստվում էր հենց ավագ չորեքշաբթիից։ Չորեքշաբթին «չիք» էր կոչվում։ Մաքրում էին տունը, բակը, լվանում ամեն ինչ և լողանում։ Վստահ էին, որ շուրջբոլորը մաքրելով՝ մարդ ազատվում է ամեն չարիքից։ Այցելում էին սրբատեղիներ` իրենց տանջող ցավերը չիք-չորեքշաբթվա հետ այնտեղ թողնելու հավատով։

Կարմեն Մարտիրոսյան

Մեկնաբանել