Անհրաժեշտ է, որ իրավունքը քաղաքականության առջևում լինի

Աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն մարտի 23-ին մեկօրյա այցով ժամանել էր Թուրքիա, որպեսզի ստանա Քադիր Հասի անվան մրցանակը «Գիտության և կրթության բնագավառում հաջողությունների համար»: Թուրքական Milliyet թերթի լրագրող Մերալ Թամերը հարցազրույց է վերցրել՝ իր խոսքով վստահ քայլերով դեպի Նոբելյան մրցանակ ընթացող Աճեմօղլուի հետ: Հարցազրույցը թարգամանաբար ներկայացված է ստորև:

— Կառավարության 2023թ. տեսլականը իրատեսակա՞ն եք համարում [Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ծրագրում է Թուրքիան աշխարհի խոշորագույն տնտեսությունների ներկայիս 16-րդ տեղից առաջին տասնյակ տանել, գործազրկությունը հասցնել 5%-ի և այլն – խմբ.]:

— Ո՛չ, կարծում եմ՝ 2023թ. համար դրված նպատակներին հասնել հնարավոր չէ, ինչն այդքան էլ կարևոր չէ: Կարևորը թուրք մարդու համար թիրախներ սահմանելն է: Տնտեսությունը զարգանում է, սակայն մարդիկ աղքատանում են…, թեպետ աղքատությունը և անհավասարությունը աշխարհի բոլոր կողմերում է, սակայն Թուրքիայում անհավասարության հավելյալ հնարավորություն կա: Սա կապված է անցյալից ավանդված զարգացման համակարգի հետ: Եթե Դեմոկրատական կուսակցության [կառավարության ղեկին է եղել 1950-1960 թթ. – խմբ.] և ԱԶԿ կառավարության տարիները չհաշվենք, ապա Թուրքիայում երբևէ սոցիալական բազան չի ընդյալնվել: ԴԿ-ն և ԱԶԿ-ն էլ, ընդլայնելով բազան, չեն ստեղծել հավասար հնարավորություններ ապահովող կառույցներ:

— Եթե ֆինանսական սեկտորն այս տեմպերով աճի, հավասար հնարավորություններ կարելի՞ է ապահովել:

— Այո՛, ֆինանսական սեկտորի աճը համապարփակ լուծումների ճանապարհ է բացում: Այսպես՝ Եվրոպայում, նախ սկանդինավյան երկրներում և մեծ չափով նաև Գերմանիայում, կառուցվածքային բարեփոխումները շատ վաղ են իրականացվել, այդ իսկ պատճառով այս պետությունների գործն ավելի դյուրին է, քանի որ խնդրահարույցը հենց ֆինանսաբանկային սեկտորն է: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա գործն ավելի դժվար է, որովհետև Թուրքիան իրավական պետություն չէ: Դատական համակարգը շատ վատ վիճակում է: Եթե գործարար եք, ոչ մի դեպքում չեք կարող դատարան գնալ: Եթե թուրք մարդուն հավասար հնարավորություն ապահովվող կազմակերպություններ չստեղծվեն, և չնորացվի քաղաքական համակարգը, այս ամենը ոչ ոք չի կարող կարգավորել:

— Անցումը նախագահական համակարգին ինչպե՞ս կազդի այդ գործընթացների վրա:

— Անկասկած՝ բացասաբար կազդի, թեև եթե իրավական պետություն եք, նախագահական համակարգը վատ չէ. այն գործում է և՛ ԱՄՆ-ում, և՛ Ֆրանսիայում: Անհրաժեշտ է, որ իրավունքը քաղաքականության առջևում լինի: Եթե Թուրքիան, բոլոր այս խնդիրներով հանդերձ, դառնա նախագահական երկիր, իրավական պետության ստեղծումն ավելի կհետաձգվի:

— Եթե նախագահական համակարգի փոխարեն ջանքեր գործադրեինք միջին եկամտային թակարդի մեջ չընկնելու համար…

— Միջին եկամտային թակարդը թույլ է տալիս, որ ցանկացած երկիր հեշտ զարգանա, սակայն դրանից հետո անհրաժեշտ քայլեր չեն արվում: Մեկ անձի հաշվով ազգային եկամուտի 1000 դոլարից մինչև 10 հազար հասցնելը այդքան էլ դժվար չէ, սակայն 10-15 հազ-ից հետո սկսվում են դժվարությունները: Որոշ հարցերում պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, տեխնոլոգիան պետք է առաջ մղել: Իրականում Թուրքիան այս ամենն իրականացնելու հնարավորություն ունի: Տնտեսությունն առողջ է, գնաճը՝ ցածր, մակրոտնտեսական ցուցանիշները՝ լավ: Սակայն այժմ՝ գոյություն ունեցող կառուցվածքային պայմաններում, միջին եկամտային թակարդից դուրս գալն ընդհանրապես հնարավոր չէ: Թուրքիան այս պահին ասում է՝ «ես նրբանցք բացելով կվազեմ, բոլորից էլ արագ կվազեմ», սակայն չի մտածում, որ վազելիս իր հետևից կցորդ կա կապված:

— Ի՞նչ պետք է անել, որ հարավ-արևելքում մեզ բոլորիս հուսադրող խաղաղության գործընթացը անհաջողության չմատնվի:

— ԱԶԿ կառավարության շրջանում ենթակառուցվածքային ներդրումները, մեծ քաղաքներում սահմանափակ չլինելով, մեծ տարածում են ստանում, ինչը շատ դրական է: Ճանապարհներ, օդանավակայաններ…. Վերջին տարիներին կապիտալը տեղափոխվել է նաև Անատոլիա: Ստամբուլի մի քանի մեծ հոլդինգներ դեռևս շատ ազդեցիկ են, սակայն Թուրքիայի բազմաթիվ նահանգներում փոքր և միջին գործարաններ են բացվում: Բազան ավելի ընդլայնելով՝ պետք է այնտեղ ապրող մարդկանց գործընթացի մասը դարձնել: Քրդական հարցի հետ կապված՝ ներկա գործընթացը շատ դրական է, սակայն այս հարցում դժբախտաբար միշտ երկու քայլ առաջ է արվում, երկու քայլ հետ: Կրկնում եմ՝ ոչ թե մեկ քայլ հետ, այլ երկու, այդ իսկ պատճառով էլ մինչև այժմ նույն տեղում ենք կանգ առել:

— Աշխարհում մեծ արձագանք գտած Ձեր «Ինչու են պետությունները ձախողում» գիրքը Բիլ Գեյթսին կատաղեցրել է, և նա իր անձնական բլոգում գրել է, որ Դուք իրեն շատ հուսախաբ եք արել:

— Գեյթսը և մի խումբ հարուստ մարդիկ հավատում են, որ զարգացման հարցը կարող են լուծել որպես ինժեներական մի խնդիր: Ասում են, թե «Մենք փողը կտանք, աղքատությունը կնվազի»: «Ինչու են պետությունները ձախողում» գիրքը հանդես է գալիս այդ մարդկանց համոզմունքի դեմ, ապացուցում, որ առանց կառուցվածքային փոփոխությունների՝ դրսից եկող փողերը չեն կարող օգտակար լինել:

— Դուք Բիլ Գեյթսի նման մենաշնորհների շնորհիվ հարստացած գործարարների դե՞մ եք: Նրանք շատ հարստանալուց հետո ավելի պոպուլյար լինելու, գուցե և խիղճը մաքրելու համար հանդես են գալիս բարեգործությամբ: ԱԶԿ կառավարման շրջանում արդյոք նման օգնությունը չքավոր ժողովրդի իրավիճակը կփոխի՞:

— Ի՞նչ կապ ունի: Պետության կողմից իրականացվող այս տեսակի օգնությունը ավելի վատ է, որովհետև առաջ է գալիս տիրոջ և ծառայի հարաբերությունների տեսակը: Նրանք ասում են ժողովրդին՝ «Տես, եթե ինձ ձայն չտաս, օգնությունը հետ ենք վերցնելու»: Սա խոչընդոտում է ժողովրդավարության զարգացումը: Պետության միջոցները ներդնելով կրթության ոլորտում և կառուցվածքային նման բարեփոխումներ իրականացնելով՝ ժողովրդին ավելի ես օգնում:

Թարգմանությունը՝ Գոռ Երանյանի

Մեկնաբանել