Ես չեմ սակարկի. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում չի սակարկի: Այս մասին այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սերժ Սարգսյանից կլսեմ ցանկացած առաջարկ, որը կպահպանի այդ փաստաթղթի ոգին, սակայն էական շեղում և սակարկում չի կարող լինել դրանից»,- ասաց Հովհաննիսյանը` նկատի ունենալով Ս. Սարգսյանին ուղարկած առաջարկների իր փաթեթը:

Միաժամանակ` «Ժառանգության» ղեկավարը հիշեցրեց, որ ինքը պատրաստ է հանդիպել գործող նախագահի հետ միայն Ազատության հրապարակում: Նա նաև ցանկություն հայտնեց, որ հանդիպումը լինի ուղիղ հեռարձակմամբ և լրագրողների մասնակցությամբ:

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` իրեն չայցելելու մասին հարցին, Հովհաննիսյանն ասաց, թե Տեր-Պետրոսյանը հստակ հայտարարել է` ով է հաղթել նախագահական ընտրություններում, և նրա այցել-չայցելելն արդեն նրա իրավասությունների շրջանակում է:

Հարցին, թե արդյոք երկարատև բանակցությունները չեն թուլացնի Ազատության հրապարակի շարժումը, ինչպես 2008թ. դեպքում եղավ, Հովհաննիսյանն ասաց, որ եթե իշխանությունները սկսեն բանակցել «Ժառանգության» ներկայացրած փաստաթղթի հիման վրա, ապա այդպիսի մտավախություն չի կարող լինել:

Նրա խոսքով` գործող նախագահին ուղղված նամակը պաշտոնների խնդրանք չէ, այլ զիջումների նվազագույն շեմ:

«Ես կարող էի ասել 10 մարզպետ, բայց սա ժողովրդի հետ իշխանության կիսում է,  շատ ու շատ ոլորտներ կային, որ կցանկանայինք ավելացնել: Սակայն ես որոշեցի, որ պետք չէ ամբողջական, որովհետև սա նվազագույն շեմն է. իշխանությունը դե ֆակտո  պետք է տեսնի, որ մենք գնում ենք կես ճանապարհով և չենք զիջելու դրանից հետո»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը` հավելելով, որ եթե այդ համալիր նվազագույն առաջարկն ընդունվի, ապա այն քաղաքական հանգուցալուծման մեկնակետ կդառնա: