Գնահատողները սխալվել են բանկային ռիսկերում

Հայաստանում թեև բանկերը համագործակցում են գնահատող կազմակերպությունների ավելի քան 50%-ի հետ, կառավարությունում կարծում են, որ շուկան ոչ մրցակցային է։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանին մարտի 14-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել էր պարզել, թե արդյոք բանկերի և անշարժ գույքը գնահատողների իրավահարաբերություններում չկան պայմանավորվածություններ, որոնք կարող են խաթարել շուկայի բնականոն զարգացումը։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասաց, որ Հանձնաժողովն արդեն ուսումնասիրել է շուկան և համապատասխան առաջարկները ներկայացրել վարչապետին։ Շաբոյանի խոսքով՝ դաշտում իսկապես առկա են խնդիրներ։ «Չեմ ցանկանում այլ մեկնաբանություններ տալ, քանի որ հարցի շուրջ վարչապետի մոտ նախատեսված է քննարկում, և մի գուցե այդ քննարկումից հետո լինեն մեկնաբանություններ»,- նշեց Շաբոյանը։

Հարցին, թե չկան մտահոգություններ, որ բանկերին պարտադրելով աշխատել փոքր գնահատողների հետ, կոռուպցիոն ռիսկերի, մասնավորապես՝ գույքի գերագնահատման հետևանքով կարող են ավելանալ բանկերի ռիսկերը, Շաբոյանն ասաց, որ նախատեսվում են նաև այդ խնդրի լուծման տարբերակներ։ «Մենք կիսում ենք այդ մտահոգությունները, և դրա լուծման առաջարկները նույնպես ներկայացրել ենք»,- ասաց Շաբոյանը։

Այս ամենում ուշագրավը բանկերի և գնահատող գործակալությունների իրավահարաբերություններին վարչապետի անդրադարձն էր՝ հենվելով Համաշխարհային բանկից ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ ստացած առաջարկությունների վրա։ Առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում վստահում են և, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը. շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական, նշել էր վարչապետը։

Ուշագրավ է նաև, որ խնդիրը միանգամից դիտարկվում է գաղտնի համաձայնությունների, և ոչ թե գնահատողների մասնագիտական որակների հարթությունում։ Անշարժ գույքի գնահատողների դաշտը բավական լիբերալ է, ինչը և բանկերին ստիպել է շատ ավելի զգուշավոր գործել։ Եթե նախկինում անշարժ գույքի գնահատում իրականացնելու համար կազմակերպությունը պետք է լիցենզավորվեր և ունենար առնվազն մեկ որակավորում ստացած մասնագետ, ապա 2012-ին վերացվել է լիցենզավորման կարգը և գործունեության իրականացնելու համար միակ պահանջը որակավորում անցած առնվազն մեկ մասնագետի պայմանն է։

Բաց է նաև հարցադրումը, թե որքանով է թափանցիկ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից գնահատողների ատեստավորումը։ Հասկանալի է, որ բազմաթիվ գործակալությունների հետ բանկերին պայմանագրերի պարտադրումը լուրջ ռիսկեր է ստեղծում համակարգի համար։ Պարզ ասած՝ «համապատասխան վարձավճարի» դիմաց գործակալությունը կարող է գերագնահատել գույքը, դրանով իսկ խնդիրներ ստեղծելով բանկերի համար։

ԿԲ-ի 8/03 կանոնակարգով՝ բանկերը պարտավոր են կայքէջերում հրապարակել մատուցվող ծառայությունը հաճախորդին ուղղակիորեն մատուցողի տվյալները։ Բանկերի կայքերից երևում է, որ ընդհանուր առմամբ նրանք աշխատում են 48 գնահատողի հետ, ընդ որում, օրինակ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն» աշխատում է 14 գնահատողի, «Անելիք բանկը»՝ 11-ի, «Ինեկոբանկը» 9 գնահատողի հետ։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում մարտի 22-ի դրությամբ առկա է 91 գնահատող գործակալություն։ Դրանցից 70%-ն ունի ընդամենը մեկ գնահատող, որը, շատ դեպքերում, նաև տնօրենն է։

Ստացվում է, որ բանկերը համագործակցում են գնահատողների մոտ կեսի հետ, և եթե հաշվի առնենք նաև, որ Հայաստանում գործում է 21 բանկ, ապա նման պայմաններում գաղտնի համաձայնությունների, կամ ոչ մրցակցային դաշտի մասին խոսելն առնվազն տարօրինակ է։

Պարզ է, որ բանկերը չեն կարող համագործակցել բոլոր 91 գործակալությունների հետ, քանի որ նրանք վարկավորում են ավանդատուների միջոցներով և վարկավորման ժամանակ ռիսկերի ոչ ճիշտ գնահատումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել թե՛ բանկի, թե՛ ընդհանուր համակարգի համար։

Մեկնաբանել