Բժեզինսկին չի հավատում Եվրասիական միության գաղափարի հաջողությանը

Ամերիկացի հայտնի քաղաքագետ, ԱՄՆի նախկին նախագահ Ջիմի Քարտերի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին չի հավատում Ռուսաստանի՝ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարին և ընդգծում է «ընդարձակ Արևմուտքի» ստեղծման անհրաժեշտությունը։ Այս մասին նա ասում է լեհական Polska պարբերականին տված հարցազրույցում։

«Ասել, թե Ռուսաստանը տվյալ պահին «Եվրասիական միություն է ստեղծում», մեծ չափազանցություն կլիներ։ Ռուսաստանը, իսկ առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կցանկանար այն ստեղծել, սակայն այժմ դա միայն ցանկություն է, այլ ոչ թե իրականություն դարձած փաստ»,- նշում է Բժեզինսկին։

Նրա խոսքով՝ Կրեմլը, իհարկե, կփորձի հետխորհրդային պետություններին համոզել միանալ համագործակցության ամրապնդման ընդհանուր հայեցակարգին։ «Բավական է, սակայն, այցելել այդ երկրներ՝ հասկանալու, որ տեղի քաղաքական էլիտաները չափից շատ են ընտելացել սուվերենության գաղափարին, և նրանց դուր է գալիս սեփական անկախ պետությունն ունենալու փաստը, ինչն ամենևին զարմանալի չէ»,- հավելում է քաղաքագետը։

Բժեզինսկին նշում է, որ յուրաքանչյուրն ուզում է լինել սեփական երկրի նախագահ, վարչապետ, նախարար, գեներալ կամ դեսպան, «այլ ոչ թե գլոբալ բյուրոկրատիայի անդամ, որը կփորձի կառուցել ազգային նոր կայսրություն՝ ապավինելով էթնոսի սեփական ընկալմանը»։ «Դժվարանում եմ հավատալ, որ Եվրասիական միության ստեղծման ռուսական գաղափարը հաջողությամբ կպսակվի։ Ամենից բացի՝ իրադրությունում, երբ Արևմուտքը կարող է ամրապնդել իր ուժերը, իսկ Չինաստանը կկարողանա պահպանել զարգացման ներկա տեմպը, Ռուսաստանի դիրքը նրանց արանքում խիստ անհարմար կլինի»,- ասում է նա։

Բժեզինսկին ԱՄՆ-ին խորհուրդ է տալիս «Մերձավոր Արևելքում ավելի նուրբ ու մտածված ռազմավարություն գտնել»։ «Այդ իսկ պատճառով էլ ես ընդգծում եմ «ընդարձակ Արևմուտքի» ստեղծման անհրաժեշտությունը, որն իր մեջ կներառեր եվրաատլանտյան հանրությունը, ինչպես նաև Ռուսաստանը, Ուկրաինան կամ Թուրքիան։ Բնականաբար, վերջնական նպատակին հասնելը երկար ժամանակ կպահանջի, կարծում եմ՝ մենք ստիպված կլինենք դրան սպասել մի քանի տասնամյակ։ Ես այս մասին մանրամասն գրում եմ իմ գրքում [խոսքը Բժեզինսկիի «Ռազմավարական տեսություն» նոր գրքի մասին է]»,- հավելում է նա։

Մեկնաբանել