Facebook-ն ու HTC-ն կթողարկեն 100-դոլարանոց սմարթֆոն

Facebook սոցցանցն ու էլեկտրատեխնիկա արտադրող թայվանական HTC ընկերությունն ապրիլի 4-ին ներկայացրել են համատեղ նոր` HTC First սմարթֆոնը, որն արժե $99,99, հաղորդում է Mashable-ը:

HTC First-ի վաճառքով ԱՄՆ-ում կզբաղվի AT&T բջջային օպերատորը, Եվրոպայում` Orange-ը և Everything Everywhere-ը (EE): Սմարթֆոնը վաճառքի կհանվի ապրիլի 12-ից, սակայն մինչ այդ հնարավոր է կատարել նախնական պատվերներ:

Սմարթֆոնի գործառույթների առաջնային դերում են Facebook-ի ծառայությունները: Նոր` Home գործառույթը փոխում է ինտերֆեյսի (միջերեսի) արտաքին տեսքը: Օրինակ` Home-ը գործարկելու դեպքում արգելափակման և հիմնական էկրանների փոխարեն կցուցադրվի սոցցանցի նորությունների ժապավենը: Home-ից բացի` HTC First-ում տեղադրված կլինի նաև լուսանկարների փոխանակման Instagram ծառայությունը, որը պատկանում է Facebook-ին:

Նշենք, որ Home գործառույթը ներկայացվել է HTC First սմարթֆոնի շնորհանդեսին զուգահեռ: Այն հնարավոր է գործածել Android օպերացիոն համակարգով աշխատող ցանկացած սարքավորումում:

HTC First-ն ունի երկմիջուկ Snapdragon 400 պրոցեսոր, 4,3-դյույմանոց էկրան, 1 Գբ օպերացիոն և 16 ներքին հիշողություն: Սարքավորումն աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով, ինչպես նաև LTE բջջային ցանցերի հետ: Սմարթֆոնը հասանելի է կարմիր, բաց կապույտ, սպիտակ և սև գույներով:

Հիշեցնենք, որ HTC-ն Facebook-ի հետ համատեղ նախկինում էլ է թողարկել սմարթֆոններ: 2011թ. ընկերությունը ներկայացրել է ChaCha և Salsa սմարթֆոնները, որոնք ունեն սոցցանցի մատչման առանձին ստեղն: