Է.Նալբանդյանն ընդունել է լորդ Ուիլյամ Ուոլլեսին

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության կուսակցական հարցերի համակարգող, Լորդերի պալատում արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և կառավարության աշխատակազմի հարցերով կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլլեսին. հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորել է վերջին շրջանում բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ լորդ Ուոլլեսը նշել է, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու մեջ։

Նախարար Նալբանդյանն ու լորդ Ուոլլեսը արձանագրել են երկուստեք շահագրգռվածությունը երկու երկրների միջև գործընկերության առավել խորացման և ընդլայնման վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ շրջանակներում ընթացող գործընթացները:

Զրուցակիցները անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Այս առումով լորդ Ուոլլեսն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին: