Ամեն ինչ պատրաստ է. կլինի երդմնակալության արարողություն. Ռուբեն Հակոբյան

Րաֆֆի Հովհաննիսյանը բանավոր ձևով պայմանավորվելու է իր ընտրողների հետ երդմնակալության արարողությամբ, և բոլորին հրավիրում ենք մասնակցելու ժամը 12-ին. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Այս պահին գալիս եմ նիստից, ճշտվում էին վերջին դետալները. բոլոր դեպքերում երդմնակալության արարողություն կլինի, հիմա թե Րաֆֆի Հովհաննիսյանը կերդվի, թե հասարակությունը իր հետ, դա թող դեռ գաղտնիք մնա: Երդմնակալություն լինելու է, ավելին կիմանաք վաղը ժամը 12-ին: Ամեն ինչ պատրաստ է»,- նշեց նա:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ փետրվարի 18-ից մինչ օրս «Ժառանգություն»-ն ամեն ինչ արել է բախումներից խուսափելու համար, թեպետ բազմիցս սադրիչներ են եկել, փորձել կրքեր բորբոքել: «Սարդանք կազմակերպել են տեղի իշխանությունները, և այնքան տհաճ է այդ ամենը. սա նենգաբարո, վախկոտ մարդու կեցվածք է»,- ասաց նա՝ պատմելով, որ իր խոսքերը խեղաթյուրելով՝ իր դեմ դուրս են բերել մարդկանց մարզերում:

Երկխոսության չկայացմանը անդրադառնալով՝ նա նշեց, որ իրենց պայմանները եղել են որոշակի, առանց «կամ»-երի, շատ հստակ: Պահանջ է եղել վերահսկիչ ֆունկցիաները ընդդիմությանը տրամադրել, ինչպես նաև արտահերթ ընտրություններ, նախարարների պորտֆելները, ըստ նրա, միայն ածանցյալ էին: «Եթե չէր լինում առաջինը, ապա պաշտոն մեզ պետք չէր, մեզ համակարգային փոփոխություն էր պետք. մենք այս իշխանության մաս չէինք կազմելու: Մեզ ոչինչ պետք չէ»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ իշխանությունը մշտապես կարողացել է գայթակղել մի քանի պաշտոնով, հետո՝ վարկաբեկելով կամ լուսանցքում թողնելով քաղաքական ուժերին:

Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ ամեն անգամ, երբ ընտրությունների նկատմամբ անվստահություն է լինում, իշխանությունը սկսում է խոսել ապահովության մասին, անվտանգության մասին: «Հիշեք,-ասում է,- Արցախի հարց կա, մտածեք էդ մասին: Արցախի հարցը մանրադրամ են դարձրել, ամեն առիթով շպրտում են ժողովրդին»,- նշեց Հակոբյանը: