100% կատարողական. Ֆիննախը չի շեղվել պետպարտքի սպասարկման ծրագրային ցուցանիշից

Ֆինանսների նախարարությունն ամբողջովին իրականացրել է առաջին եռամսյակի համար պետական պարտքի սպասարկման ծրագրային ցուցանիշը։ Կառավարության պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է $33,9 մլն, ընդհանուր պետական պարտքի սպասարկմանը՝ $73,8 մլն կամ տարվա կտրվածքով ուղղվելիք միջոցների 17,6%-ը։

Կառավարությունն այս տարվա առաջին եռամսյակի համար ծրագրել էր արտաքին պետական պարտքի սպասարկմանը ուղղել ընդհանուր առմամբ 33,9 մլն ($6 մլն-ի տոկոսավճար, $27,753 մլն՝ մայր գումար) կամ տարեկան կտրվածքով ուղղվելիք միջոցների 15,2%-ը։ Համաձայն ֆինանսների նախարարության օպերատիվ հաշվետվության՝ կառավարության գծով արտաքին պարտքի սպասարկմանն այս ընթացքում ուղղվել է $33,9 մլն։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է $73,8 մլն ($39,9 մլն-ը՝ Կենտրոնական բանկի գծով)։ Այս միջոցների 75,4%-ը մարվել է մարտին։

Մյուս կողմից՝ այս ընթացքում ներգրավվել են $20,1 մլն-ի նոր վարկային միջոցներ, որից $17,6 մլն-ը՝ կառավարության կողմից։

Առաջին եռամսյակում արտաքին պարտքի սպասարկմանը ներգրավվածից 3,7 անգամ ավելի շատ միջոցներ ուղղելը մասամբ նպաստել է, որ Հայաստանի արտաքին պարտքը նշված ժամանակահատվածում կրճատվի 3,8%-ով ($141,2 մլն-ով)՝ մարտի վերջին կազմելով $3,6 մլրդ։

Հայաստանի արտաքին պարտքի նվազումը պայմանավորված է եղել նաև դոլարի նկատմամբ համաշխարհային հիմնական արժույթների՝ SDR-ի, ճապոնական յենի, եվրոյի փոխարժեքների տատանումով։ Հայաստանի արտաքին պարտքի 59,8%-ը SDR-ով է, 22,3%-ը՝ ամերիկյան դոլարով, 9%-ը՝ ճապոնական յենով։

Այս տարվա առաջին եռամսյակում ազգային արժույթով արտահայտված Հայաստանի պետական պարտքը մնացել է անփոփոխ՝ մարտի վերջին կազմելով Դ1,762 տրլն, դոլարով արտահայտվածը կրճատվել է 3,7%-ով՝ կազմելով $4,2 մլրդ։ Ազգային արժույթով արտահայտված պետական պարտքի ծավալի անփոփոխ մնալն ամբողջովին պայմանավորված է դրամ/դոլար փոխարժեքով։

Այսպես, եթե դեկտեմբերի վերջին պետական պարտքի հաշվարկման հիմքում դրվել է Դ403,58/$1 փոխարժեքը, ապա մարտի վերջին պարտքի ծավալը հաշվելիս ընդունվել է Դ419,08/$1 մակարդակը։

2013թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել $418,6 մլն, որից $354,2 մլն-ը՝ հիմնական գումարի մարման գծով, $64,4 մլն՝ տոկոսավճարների։ Պետպարտքի սպասարկմանն ուղղվող միջոցների 53,4%-ը բաժին է ընկնելու կառավարությանը։ Ծրագրված է, որ այս տարի ընդհանուր առմամբ կներգրավվեն $479 մլն-ի վարկային միջոցներ։ Արդյունքում 2013թ. վերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի $3,984 մլրդ: