ԱԻՆ նախկին շենքի արտաքին տեսքում փոփոխություններ չեն նախատեսվում. քաղաքապետարան

Երևանի` Պուշկինի 25 հասցեում գտնվող հուշարձան-շենքի (բնակելի տուն – ճարտ. Ա.Թամանյան) արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված փոփոխություններ չեն նախատեսվում. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ նշված շինության հարևանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում և ՀՀ մշակույթի նախարարությունում և որոշվել է բացառել Ա.Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն։

Հիշեցնենք, որ երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը հաղորդել էր, որ ԱԻՆ նախկին շենքը (Պուշկինի 25) ապամոնտաժվում է: Նրա տեղեկություններով՝ շենքի տեղում հյուրանոց են կառուցում: Այսօր այդ տեղեկությունը համացանցում բուռն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ նշված շենքը պատմամշակութային անշարժ հուշարձանների ցանկում է:

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի