Վարդեր Տիգրիսում` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի փաստաբանների միությունը ապրիլի 23-ին կազմակերպել էր «Դիրաբեքիրի հայերը Ցեղասպանության տարելիցին» խորագրով միջոցառում: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցում էին Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, «Խաղաղություն և Ժողովրդավարություն» քրդական կուսակցության մի շարք ղեկավար անձինք, Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչներ, մարդու իրավունքի պաշտպաններ և այլն:

Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Թահիր Էլչին բացման խոսքում նշել է, որ հայ ժողովրդի վերքերը բուժելու համար անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այնուհետ պատմաբան Արա Սարաֆյանը ներկաններին Ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ է տրամադրել:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցները քայլել են դեպի Տիգրիսի ափերը և կամրջից վարդեր նետել գետը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Մեկնաբանել