Ինչպե՞ս են առաջանում Ցարնաևները

Բոստոնի ահաբեկչական դեպքերը, չեչենական ծագմամբ Ցարնաև եղբայրների պատմությունն օրեր շարունակ չեն իջնում համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերից: Այս դեպքը եզակի չէ, և տարբեր մասշտաբի նման ողբերգություններ տեղի են ունենում նաև ամերիկյան ու եվրոպական այլ քաղաքներում: Ոսկե միլիարդի երկրների խոշոր քաղաքների շատ արվարձաններ ուղղակի անվերահսկելի են ոստիկանության կողմից:

Ցարնաևները ներգաղթյալներ են: Ինչքան էլ արտաքնապես ներգաղթյալ ընտանիքը հարմարվի ընդունող հասարակությանը, հոգեպես նա մնում է օտար և հաճախ խորթ իր նոր շրջապատի համար: Խնդիրն ավելի է բարդանում կրոնական, քաղաքակրթական և այլ տարբերությունների պատճառով: Պետք է փաստել, որ մի հսկայական զանգված նույնիսկ արտաքնապես չի ադապտացվում՝ վերածվելով յուրօրինակ գետտոյի:

Եվրոպայում ես եղել եմ հետխորհրդային երկրներից եկած ներգաղթյալների ճամբարներում: Մեծ մասը կեղծ փաստաթղթերով, կեղծ պատճառներով Եվրոպայում հայտնված անձինք են: Եվրոպացի հարկատուները բավական շռայլ են ներգաղթյալների նկատմամբ, որոնց հյուրընկալում են, բուժում, նպաստներ հատկացնում: Աշխատանքի իրավունք չունենալը կամ լեզուների վատ իմացության պատճառով բարձր աշխատավարձերի անհնարինությունը, ընդունող հասարակություններին ադապտացվելու ծրագրերի անարդյունավետ լինելը ներգաղթյալների մոտ առաջացնում են թերարժեքության բարդույթ: Միայն երկրորդ-երրորդ սերունդները, որոնք ընդունող երկրում գնացել են մանկապարտեզ ու դպրոց, կարող են լիարժեք ինտեգրվել:

Ընդունող հասարակության մեջ մնալով օտար՝ ներգաղթյալները հիմնականում կլանային հողի վրա սկսում են կազմել իրենց խմբերը, զբաղվել տարբեր տեսակի ապօրինի գործունեությամբ: Ոստիկանության կողմից ուժի կիրառումը, հատկապես սպանությունները, մեծ վրդովմունք են առաջացնում տեղական իրավապաշտպան կազմակերպությունների մոտ՝ ապօրինությամբ զբաղվող խմբերին մղելով նոր գործողությունների: Հետևաբար՝ ոստիկանությունը շատ հաճախ փորձում է աչք փակել «նեոբարբարոսների» գործունեության վրա:

Կան երկրներ, որոնք իրենց ներգաղթյալներին արդյունավետ կազմակերպում են: Կարելի է բերել Թուրքիայի օրինակը: Տարբեր բանկերի և հիմնադրամների միջոցով այս երկիրն աշխուժորեն վարկավորում է Եվրոպա տեղափոխված թուրքերին, որոնք ակտիվորեն ներգրավում են սպասարկման ոլորտում: Իսկ թուրքական շինարարական կազմակերպությունները, որոնք մեծ պատվերներ ունեն եվրոպական երկրներում, լրացուցիչ աշխատատեղեր են ապահովում իրենց հայրենակիցների համար:

Իսկ փոքրիկ ժողովուրդների ներկայացուցիչները, որոնց պետությունները թքած ունեն իրենց հայրենակիցների ճակատագրի վրա, և որոնք ներգաղթյալի առաջին սերնդում զբաղվում են նպաստներ խժռելով, խանութներ թալանելով կամ էլ հեծանիվների գողությամբ, լավագույն դեպքում կձուլվեն ընդունող հասարակությանն իրենց թոռների ժամանակ կամ էլ կբավարարվեն շրջապատում չորրորդական դերով՝ միշտ մնալով օտար ու չարացած՝ լավագույն դեպքում իրենց մխիթարելով նյութական քվազիապահովությամբ: Եվ հենց այդ զգացումն էլ կծնի Ցարնաևներին: Այդպիսի պոտենցիալ ցարնաևներ, լինեն չեչեն, հայ, թե վրացի, բազմաթիվ են Եվրոպայի գերհագեցած բանտերում:

Հենց այս մտահոգությամբ է, որ ԵՄ որոշում ընդունողները հակվել են տարբեր ծրագրերի միջոցով զսպել արտագաղթը ԵՄ հարևան տարածաշրջաններից և հրաժարվել նոր ներգաղթյալներ ընդունելու քաղաքականությունից: Սա էապես կթեթևացնի ԵՄ անդամ երկրների սոցիալական բեռը և նոր ներդրումներ ու աշխատատեղերի ստեղծում կապահովի Հայաստանի, Վրաստանի կամ Մոլդովայի պես երկրներում: Իսկ Ցարնաևներն էլ հնարավորություն կունենան իրենց հայրենիքներում իրականացնել բոքսի չեմպիոն դառնալու կամ փոքրիկ բիզնես ունենալու իրենց երազանքները, կշփվեն իրենց պես մտածող մարդկանց հետ և կլինեն հոգեպես բավարարված:

Մեկնաբանել