Samsung-ը կթողարկի Galaxy S4-ի երկու նոր տարբերակ և նոր պլանշետ. WSJ

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics ընկերությունը Samsung Galaxy S4 սմարթֆոնի երկու նոր տարբերակ է նախագծում, որոնք նախատեսում է թողարկել 2014թ. ամռանը, հաղորդում է Wall Street Journal-ը:

Առաջին Galaxy S4 Active սարքավորումն է, որն ընկերությունը նախատեսում է թողարկել 2014թ. հունիսին: Այն իրենից կներկայացնի Galaxy S4-ի էքստրեմալ տարբերակը, որը պաշտպանված կլինի փոշուց և խոնավությունից: Մյուս բնութագրիչներով այս սմարթֆոնը կնմանվի Galaxy S4-ին, որը պաշտոնապես ներկայացվել է 2013թ. մարտին:

Galaxy S IV-ի երկրորդ մոդելը կներկայացվի Galaxy S4 Active-ից մեկ ամիս անց, որն իրենից կներկայացնի հիմնական մոդելի փոքր տարբերակը:

Նոր սմարթֆոններից բացի` Samsung Electronics-ը պատրաստվում է թողարկել նաև իր 8-դյույմանոց պլանշետի նոր տարբերակը, որը կունենա 7-10,1-դյույմանոց էկրան:

Samsung-ը համարվում է աշխարհում սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունը: IDC հետազոտական ընկերության տվյալների համաձայն` 2013թ. 1-ին եռամսյակում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 70,7 մլն սմարթֆոն և շուկայում զբաղեցրել է առաջին հորիզոնականը` 32,7% մասնաբաժնով: Նշենք, որ մատակարարումների ցուցանիշով Samsung-ը գերազանցում է իր ամերիկյան մրցակցին` Apple-ին:

Իսկ պլանշետների շուկայում, ըստ IDC-ի, մատակարարումների ցուցանիշով առաջին հորիզոնականում է Apple-ը: 2012թ. 4-րդ եռամսյակի տվյալների համաձայն` Samsung ընկերությունը իրացրել է 7,9 մլն պլանշետ` գրավելով շուկայի 15,1% մասնաբաժինը: Համեմատության համար նշենք, որ Apple-ն իրացրել է 22,9 մլն iPad պլանշետ` գրավելով շուկայի 43,6%-ը մասնաբաժինը: