Հայաստանի երկաթուղու զարգացման հեռանկարները քննարկվել են «Մեկ քայլ առաջ» համաժողովին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երիտասարդները մասնակցել են «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովի աշխատանքներին, որը կայացել է ապրիլի 26-ից 28-ը Երևանում, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

ԱՊՀ երկրների Երիտասարդական միության կողմից կազմակերպած համաժողովն ուղղված է հրավիրելու երիտասարդների ուշադրությունը հետխորհրդային երկրների խնդիրներին, բարեկամ երկրների հասարակությունների զարգացման ուղիներին: Միջոցառման հիմնական նպատակներն են միասնական տեղեկատվական և վերլուծական դաշտի ձևավորումը, որը կօգնի երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ եվրասիական ինտեգրման գործընթացներին և արդյունավետ արդյունքների հասնել:

ՀԿԵ-ի ներկայացուցիչները մասնակցել են եվրասիական ինտեգրման գործընթացներին, եվրասիական ընտանիքում Հայաստանի դերին, եվրասիական ինտեգրման մեջ երիտասարդների դերին, ԱՊՀ երկրներում երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցերին նվիրված քննարկումներին:

«Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման գործընթացներում երկաթուղային տրանսպորտի դերը» զեկույցով հանդես է եկել ՀԿԵ Երիտասարդների խորհրդի նախագահ Վահե Դավթյանը՝ ծանոթացնելով ներկաներին ընկերության հիմնական սկզբունքների և գործունեության ուղղությունների, ՀԿԵ երիտասարդական քաղաքականության, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման հեռանկարներին:

Վերջին հարցը հետաքրքրել է համաժողովի մասնակիցներին, որոնք հարցեր են ուղղել Հայաստանի և Ռուսաստանի միջև Վրաստանի և Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբացման վերաբերյալ: