Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակական խիստ վերահսկողություն է սահմանված հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթևեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, հանձնարարվել է նաև շաբաթ և կիրակի օրերին կարգավորել ավտոշուկայի գործունեությունն այնպես, որ հարակից տարածքի բնակչության համար անհարմարություններ չստեղծվեն:
Հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ և մեկշաբաթյա ժամկետում վերացնել առկա թերությունները:
Կխստացվի վերահսկողությունը նաև արգելված վայրերում շինարարական և կենցաղային աղբի կուտակումները բացառելու ուղղությամբ: